«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները

70-ն անց հռութցի տղամարդը խնամքով մաքրում է հայկական գերեզմանոցը, որտեղ ննջում են ծնողները և բազմաթիվ այլ հայեր։
Sputnik

Հռութը Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի, Սասունի գավառակի բնակավայրերից է։ Բարձր դիրքի ու անբարենպաստ պայմանների պատճառով այնտեղ երբեք շատ մարդ չի ապրել։ Ցեղասպանությունից առաջ Հռութում եղել է ընդամենը 60 մարդ, որոնք էլ կարողացել են պահպանել իրենց գոյությունը՝ շնորհիվ անմատչելի տարածքների։

Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը

Հռութն ունեցել է Սուրբ Աստվածածին անունով վանք, որն ավերվել է ցեղասպանության ժամանակ։ Ավերվել են պատմամշակութային հուշարձանները, փոխարենը կանգուն են մնացել Հռութի հայերը։

Երբ հերթական անգամ այցելել էի Սասուն, մեկնեցի Հռութ։ Տեղացիներն առանձնակի ջերմությամբ ողջունեցին Հայաստանի Հանրապետությունից եկած իրենց հյուրին։

Գյուղի կանայք հետաքրքիր դասավորությամբ՝ ըստ ավագից երիտասարդ տարիքի, շարք էին կազմել՝ դիմավորելու հայ ազգակցին, իսկ գյուղի տարեց տղամարդը ակնհայտ հուզմունքով պատմում էր իր նախնիների մնացած ժառանգության մասին։

«Երբ ես երեխա էի, ինձ պատմել են մեր մեծերը, թե ինչ պատմություն ենք ունեցել։ Ես մոռացել եմ հայերեն, բայց հիշում եմ մեր պատմությունը։ Իմ հայրիկի անունը Պետրոս էր, մայրիկիս անունը՝ Վարե»։

70-ն անց հռութցի տղամարդը ցույց տվեց հայկական գերեզմանոցը, որտեղ ննջում են ծնողները և բազմաթիվ այլ հայեր։ Թեև տապանաքարերն ու խաչքարերը վաղուց պառկած են, հավասարված հողին, բայց մեր հայրենակիցը խնամքով պահում է դրանք, մաքրում մոլախոտից։ Տարբեր չափսերի և զարդանախշերի ամենատարբեր երևակայության աշխատանքներ, անգամ հենց խաչի տեսքով քանդակված քարեր, որոնք կարծես խոտի մեջ պառկած մարդ լինեն՝ նայելով երկնքին ու մտածելով հավերժության գաղտնիքների մասին։

«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները

Մինչ ես անթարթ աչքերով նայում եմ հայկական հարյուրամյակների պատմություն ունեցող արժեքներին ու փորձում հասկանալ, թե ինչ ներքին մղումով է դրանց պահպանության համար իր կյանքը նվիրել տարեց տղամարդը, հանկարծ նա մոտենում է ինձ ու սկսում հարցուփորձ անել։ Ես էլ ակամայից պարզում եմ, որ նա կրում է նույն անունը, ինչ հայրս։

«Իմ անունը Խաչիկ է։ Այստեղ էլ շատ խաչեր կան, հազարավոր։ Ամենուր խաչեր են»,-պատմում է Հռութի հայ բնակիչը։

 

«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները

Հռութցի Խաչիկ պապը ճանապարհելիս հիշեցնում է, որ իրենք նույնպես հայեր են, ինչպես Արևելյան Հայաստանում կամ սփյուռքում ապրող հայերը՝ տարբերությամբ, որ իրենք գրեթե չեն տիրապետում մայրենի լեզվին, փոխարենը իրենց արյան գնով ու տասնամյակների տառապանքի միջով անցնելով են կարողացել պահպանել ազգային բազմաթիվ արժեքները, որոնց մեջ ամենամեծ արժեքը, թերևս, Արևմտյան Հայաստանում ապրող ու ազգային ինքնությունը պահպանող, սերունդների փոխանցող հայն է։

«Ես հայ եմ»,-որպես հրաժեշտի խոսք ասում է Սասունցի Խաչիկը։

«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը