Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ զորավարժությունները մեկնարկել են առավոտյան ժամը 05:00-ին: Դրանք ղեկավարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն, այսօր վաղ առավոտյան ժամը 05:00-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակությունները օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի ետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը»,- գրել է նա։

Ինչպես են անցնում ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները Աստրախանում. տեսանյութ

Հիշեցնենք՝  երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Սակայն ադրբեջանական կողմը մոլորվածին ներկայացնում է որպես դիվերսանտ, ինչը, Ստեփանյանի խոսքով, ապատեղեկատվություն է: