Տոնոյանը Շոյգուին պատմել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այսօր` օգոստոսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Լուրը հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։

Հայաստանում սկսվեց ԱրՄԻ – 2020 «Խաղաղության մարտիկ» մրցույթը

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին»,–գրել է Ստեփանյանը։

Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Շատ հմայիչ էր Հունաստանի աղջիկը. Տոնոյանն ամփոփեց «Խաղաղության մարտիկի» արդյունքները

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը` նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։