Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի գործառույթը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը` Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում։

«30 տարի առաջ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Նախորդ 30 տարիները լի էին հաղթանակներով, որոնցից ամենակարևորն Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձևավորման հիմք ու խթան հանդիսացավ»,–նշված է Փաշինյանի` Facebook սոցցանցի էջում հրապարակված ուղերձում։

Նրա խոսքով` 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ ունենք մարտունակ բանակ, և Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:

«Այլևս անշրջելի մեր անկախության ճանապարհին...». Սարգսյանն ու Միրզոյանն ուղերձներ են հղել

Իսկ ինչ վերաբերում է նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողմանը, ապա դա էլ, ըստ վարչապետի, պետական և հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, եթե չասենք` ինստիտուտների բացակայությունը: Ըստ նրա` անկախություն ձեռքբերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանը տառապել է անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից: Երկար տարիներ կոռուպցիան եղել է պետական կառավարման առանցքային գործիքակազմը, ինչի հետևանքով Հայաստանը մնացել է առանց արդյունավետ պետական կառավարման համակարգի:

Կոռուպցիան թափանցել է ամենուր՝ պետական կառավարման համակարգ, դատաիրավական համակարգ, դպրոց, մանկապարտեզ, բուհեր, ակադեմիական ու մշակութային շրջանակներ, զանգվածային լրատվության միջոցներ, ընտրական համակարգ, երբեմն նույնիսկ, ըստ Փաշինյանի, հոգևոր հարաբերությունների ոլորտ:

Տավուշյան մարտեր, թուրքական սպառնալիք. Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Այս ամենի ամենաաղետալի հետևանքը, Փաշինյանի գնահատմամբ, դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է պետությունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգը օտար է դարձել քաղաքացուն։ Վարչապետն անդրադարձել է նաև առաջնային անելիքներին` ասելով, որ դրանք շարունակում են մնալ նույնը. պետական և հանրային ինստիտուտների կայացումը:

«Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, և մենք պիտի խնդիր դնենք ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը: Ընտրական անկեղծելի մեխանիզմ, անկախ դատական համակարգ, կեղծիքից ազատ կրթական համակարգ, բարձր պրոֆեսոնալիզմն ու արդյունավետությունը խթանող պետական կառավարման համակարգ, ստեղծագործ ու մրցակցային տնտեսություն, պարտականություններին՝ իրավունքների համանմանությամբ նախանձախնդիր վերաբերվող քաղաքացի, գործարար, պաշտոնյա. սա է մեր առաջիկա հրատապ անելիքը»,–ասում է Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ Հայաստանում հաստատված պետական կարգը պիտի հարազատ դառնա յուրաքանչյուր քաղաքացու և պետք է բխի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պատասխանատվությունից: