Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնագիր են ստորագրել. նոր մանրամասներ Տոնոյանի այցից

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնագիր է ստորագրել, որի շրջանակներում էլ կիրականացվի արդիականացման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր։

Համաձայնագրի ստորագրմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի` համաձայնագիրը վերաբերում է ՀՀ ԶՈւ ավիացիոն պարկի արդիականացմանը, որի մեջ Ինչպես հայտնի է` մտնում են նաև ՍՈւ-25-երը։
Սու-25-ը գրոհային, զրահապատ մարտական ինքնաթիռ է: Նախատեսված է ցամաքային զորքերի անմիջական աջակցության համար մարտադաշտում օր ու գիշեր թիրախի ուղիղ տեսանելիության պայմաններում, ինչպես նաև ցանկացած օդերևութաբանական պայմաններում սահմանված կոորդինատներով օբյեկտների ոչնչացման համար:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում: Նա արդեն իսկ այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։