ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «Նորտեխ շին» ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
«Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պայթեցման աշխատանքների ընթացքում ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին` ժամը 17:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ընկերությունը պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ կատարեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարանի» շենքում։ Սակայն շենքի որոշ հատված մնացել է կանգուն։
2020-ի հունիսի 28–ին «Ձյունիկ սառնարանի» շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էին 36 փրկարար և 11 միավոր տեխնիկա։ Դեպքի վայրում աշխատանքները վերահսկում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ինչպես պարզվել էր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել էին փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։ Հրդեհաշիջման աշխատանքները հատկապես բարդացնում էր այն հանգամանքը, որ այրվող հարկերում պատուհաններ չկան:
«Ձյունիկի» այրվող շենքում պատուհաններ չկան. հրշեջներն աշխատում են բարդ պայմաններում
2019թ.–ի օգոստոսի 19-ին, դարձյալ հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում:
Այն մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։ Մասնագետների գնահատմամբ` նման բարդության հրդեհ Հայաստանում վերջին 15 տարում չէր գրանցվել:
«Ու՞ր է գնում» «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը