ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացումը, մանրամասներ է փոխանցում Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
«Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։
Բացման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մարզահրապարակում։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշել է.
«Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:
«ԱրՄԻ» մրցույթը կանցկացվի բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։
Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում
Մրցութային ծրագիրը կտևի 10 օր, այն ներառում է ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը։
Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը, ինչպես նաև գալա-համերգ՝ հայկական էստրադայի աստղերի և ՀՀ ՊՆ երգի ու պարի համույթի մասնակցությամբ:
Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր, ամեն տարի` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարության խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան:
«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլն ավարտվեց. ո՞վ է հաղթողը