«Այլևս անշրջելի մեր անկախության ճանապարհին...». Սարգսյանն ու Միրզոյանն ուղերձներ են հղել

Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի անկախության հռչակագիրն ազդարարում էր հայ ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը: Նման ուղերձով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` շնորհավորելով Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը։

«30 տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին և ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին»,–նշված է նախագահի ուղերձում։

Նրա խոսքով` օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան: Սարգսյանը նշել է նաև, որ այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:

Կստեղծվի հանրաքվեի հռչակագիր. արդեն իսկ սահմանվել է 6 դրույթ

Նախագահն իր ուղերձն ամփոփել է` ասելով, որ անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես ուղերձ է հղել պատմական օրվա առնչությամբ` ասելով, որ Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է։

«30 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքիշխան իրավունքը՝ ապրել և արարել անկախ Հայաստանում»,–ասել է նա իր ուղերձում։

Նշենք, որ Անկախության հռչակագիրը բաղկացած է 12 դրույթներից, որոնցով ազդարարվում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Հենց առաջին իսկ դրույթը սահմանում է, որ հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: «Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը»,–նշված է առաջին դրույթում։

Ի դեպ, հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Ո՞վ որոշեց անկախության հռչակագիրը տալ Արամ Մանուկյանին, և հետո ո՞ւր կորավ պատմական թուղթը