Ինչու Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացին և որոշ մանրամասներ հայտնել:

Նշենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ է հանդիպելու Էդգար Շաթիրյանը, որը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն՝ կառավարության առաջարկով:

ԱԺ-ն դուրս է եկել սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը․ Մարուքյան

«Կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին այդ պաշտոնում առաջարկելը դիտարկել է հենց Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ցանկանալով հենց նրան էլ ի սկզբանե առաջադրել այդ պաշտոնում, սակայն վերջինիս խանգարել է տարիքը, քանի որ միայն օգոստոսի 18-ին նա դարձավ 40 տարեկան, որը, «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի չորրորդ հոդվածի համաձայն, պարտադիր պայման է Սահմանադրական դատարանի դատավոր լինելու համար: Եվ, ահա, միայն հիմա, երբ Վահրամ Ավետիսյանը դուրս եկավ պայքարից, և Շաթիրյանն էլ դարձավ 40 տարեկան, հնարավոր եղավ նրան առաջադրել այդ պաշտոնում»,–գրում է թերթը:

Նա այդ առաջարկը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել։

Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 17–ին, ՍԴ դատավորի կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը` ոչ նպատակահարմար:

Սարգսյանը ՍԴ չի դիմի. ստորագրված օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը

Ավելի վաղ` հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով: