Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին հերթական օգնությունն է ուղարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետության կառավարությունը 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարությունը լիբանանահայերին ընդունելու համար հատուկ փաթեթ է մշակում. Սինանյան

«Արցախի Հանրապետության կառավարությունը ԱՀ 2020 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին»,–նշված  է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ` օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» գրությամբ հումանիտար օգնություն էր ուղարկել: Նույն նպատակով Հանրապետության նախագահի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 154 մարդ, ավելի քան 5000–ը` վնասվածքներ են ստացել։ Մահացածների թվում նաև 13 հայ կա, ավելի քան 250-ն էլ տուժել են։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։