«Վստահ եմ՝ թիրախը ես էի». Ախալքալաքում փորձել են պայթեցնել Հենզել Մկոյանի եղբոր մեքենան

Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործունեության հետ և վստահ է, որ թիրախն ինքն է եղել, ոչ թե եղբայրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ախալքալաքում փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին Facebook–ի ուղիղ եթերում հայտնել է պատգամավորը։

Նա եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործունեության հետ և վստահ է, որ թիրախն ինքն է եղել, ոչ թե եղբայրը:

Պատգամավորի խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է որոտացել, որ այն լսել են 3 կմ շառավղով ապրողները։ Բոլորը վախեցել են։ Մոտակայքում բոլոր ծառերը վնասվել են։

«Այն ամենն, ինչ կատարվում է մեր ընտանիքի հետ, նախապես մտածված է: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես 2 անգամ իջել եմ ՀԷԿ, երևի կարծել են, որ մեքենայում ես եմ»,–նշել է Մկոյանը։

Պատգամավորն ահազանգել է, որ ինքն ու իր ընտանիքն անպաշտպան են մնացել, քանի որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք սպառնալիքներ էին հնչեցրել Հենզել Մկոյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին, ինչպես նաև փորձել նրանից 5 մլն դոլար շորթել:

Մկոյանն ու նրա ընտանիքը սարսափելի վախեցած են։ Պատգամավորը պահանջում է, որ իր հարցով զբաղվի գլխավոր դատախազությունը, ոչ թե տեղի ոստիկանությունը, ուր վերաուղղվել է հայցը։ Ավելին, նա դիմել է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ խնդրելով օգնել փրկել իր ընտանիքի անդամներին։

2020թ․-ի հուլիսի 20-ի երեկոյան անհայտ անձը մեսենջերով զանգել է Մկոյանին, խոսել է ռուսերեն՝ կովկասյան առոգանությամբ, Մկոյանին ասել է, որ հեռանա քաղաքականությունից, սուսուփուս նստի և ոչ մեկի հետ չշփվի, հակառակ դեպքում կզրկվի ամենահարազատ մարդուց։

Սկանդալ Վրաստանում. ընդդիմությունը պահանջում է պատգամավոր Հենզել Մկոյանին զրկել մանդատից

Երկրորդ զանգը՝ արդեն WհatsApp հավելվածով, Մոսկվայից է եղել (ըստ հեռախոսահամարի)։ Խոսել են դարձյալ ռուսերեն՝ կովկասյան առոգանությամբ։ Այս անգամ խոշոր գումար են պահանջել։

Երբ Մկոյանը հարցրել է, թե ինչ կլինի, եթե չվճարի, շորթողը հայտարարել է, որ արդեն 15 տարի նստել է բանտում, և եթե իր պահանջը չկատարվի, կսպանի պատգամավորին ու ևս 20 տարի կնստի։ Երկրորդ անգամ պատգամավորի հետ երկու հեգի են խոսել, երկուսն էլ՝ քրեական աշխարհին հատուկ ժարգոնով։

Նշվում է, որ ընդդիմությունը մի քանի ամիս շարունակ հոգեբանական ճնշում է գործադրել պատգամավորի վրա։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ընդդիմությունը պահանջել էր պատգամավորական մանդատից զրկել նաև Մկոյանին։ Նման պահանջ ներկայացնելու առիթ էր դարձել զենքի կիրառմամբ ծեծկռտուքը, որը տեղի էր ունեցել մարտի 26-ին՝ ժամը 15։40-ի սահմանում։

Ախալքալաքում կռվել են պատգամավորի եղբայրն ու նախկին պատգամավորի որդին

Ի սկզբանե հայտնում էին, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների միջև զենքի կիրառմամբ բախում է տեղի ունեցել։ Հետո պարզվել էր, որ կռվել են հենց Մկոյանն ու Պետրոսյանը։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել Պետրոսյանին ու նրա 19-ամյա զարմիկին։ Նրանց 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Բայց ընդդիմությունը տեղի ունեցածի մեղավոր է համարում Մկոյանին ու դատախազությանը կոչ է արել զբաղվել նրանով։

Մեկ այլ վարկածով՝ բախման պատճառը Սամցխե-Ջավախքում Պետրոսյան և Մկոյան տոհմերի երկարամյա հակամարտությունն է։