ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների ու հասարակական կազմակերպության նախագահի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովում նախապես շրջանառված հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանը, Լևոն Գևորգյանը, Արսեն Թավադյանն ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը։
Ինչու Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա. «Ժողովուրդ»
Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը, վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդը՝ սահմանադրական վերահսկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն։Նախարարության և իրավաբան գիտնականների ու ՀԿ ներկայացուցչի այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։
Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։
Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Այն ակտիվորեն աշխատում է ստեղծել բարեփոխումների հայեցակարգեր։ Սպասվում է, որ արդեն 2021 թվականին Հայաստանում տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։