Տիրան Լոքմագյոզյանի դիտարկմամբ` այսօր արդեն աշխարհի տարբեր երկրներ մատնանշում են Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության էությունը, և վտանգն այդ տեսանկյունից գնալով մեծանում է, որովհետև Էրդողանի քաղաքականությունն անկանխատեսելի է։
«Ամեն տեղ, ուր Էրդողանը մեկնում է իր ձեռքը, այդտեղ առաջանում է խառնաշփոթություն։ Նույնը կատարվեց Նախիջևանում, թեև վերջին զորավարժությունների ժամանակ Թուրքիային չհաջողվեց սահմանով անցկացնել բավականին մեծ ու ստրատեգիական նշանակության զինտեխնիկա, որովհետև Իրանն ու Վրաստանը միանշանակ դեմ են դրան։ Նախիջևանի խնդրի վերաբերյալ մենք պետք է Ռուսաստանի հետ սկսենք ակտիվ աշխատել, քանզի Նախիջևանին առնչվող պայմանագրում նշված է, որ Թուրքիան փաստաթղթի երաշխավորն է, բայց այժմ ինքն է մտել Նախիջևան` խախտելով պայմանագիրը, որի մասին ինքն է բարձրաձայնում»,– Sputnik Արմենիային ասաց թուրքագետը։
Լոքմագյոզյանի կարծիքով` եթե Թուրքիան խախտում է իր ստանձնած պարտավորությունները, ապա կարելի է նույնիսկ չեղյալ հայտարարել պայմանագիրը և մտածել ռուսների հետ համատեղ հետագա քայլերի մասին, քանի որ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանը նույնպես համարվում է պայմանագրի կողմ։
Թուրքագետի համոզմամբ` Թուրքիային զսպելու նպատակով Հայաստանը վարչապետի խոսքից պետք է անցնի գործուն քայլերի, առավել ակտիվորեն պետք է համագործակցի նաև Եվրամիության ու ԱՄՆ–ի հետ` ի ցույց դնելով պաշտոնական Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը։
Ըստ թուրքագետի` Էրդողանը մեծ ռեսուրսներ չունի, որպեսզի պայքարի մի քանի ճակատով, և նրա վարկը հետզհետե ընկնում է, թեև շարունակում է ապակառուցողական գործունեությունը`ունենալով երկարաժամկետ նպատակներ։
Լոքմագյոզյանը համոզված է` Էրդողանի արկածախնդիր քաղաքականությունը Թուրքիային բերելու է վերջնական կոլապսի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ։ Նրա խոսքով` սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում և կառավարությունում։