Ո՞վ է ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, ինչի համար է պարգևատրել

Կապիտան Սանամյանը հետախուզմամբ հայթայթել է արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Կապիտան Ռուբեն Սանամյանը կազմակերպել է «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Ազգային հերոսի» կոչմանն արժանացած կապիտան Սանամյանի կենսագրությունից և հուլիսին տավուշյան մարտերին նրա գործողություններից։

Կարևոր միջնորդություն. Փաշինյանը կապիտան Սանամյանին Ազգային հերոսի կոչման է ներկայացրել

«Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմին՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ։ Նա  կազմակերպելով «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը` նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցրել է զգալի կորուստներ»,–Facebook սոցացանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:

Չխնայելով սեփական կյանքը` խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:

Բացի այդ, կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Լավրովն ասել է՝ ինչն է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացման պատճառ դարձել

Ռուբեն Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:

Ամուսնացած է. ունի երկու երեխա:

2012 թ-ին Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։