Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին

Վարչապետը նշել է, որ հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Վեհափառ Տեր, ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով:

Գարեգին Բ–ն մեկնել է Մոսկվա

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք եւ արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում»,–ասված է ուղերձում:

Վարչապետը նշել է, որ հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել և որպես ազգային հոգևոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով:

«Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետև պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին էր մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են պահել և պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, և այսօրվա մեր պետականությունը այդ երազանքի իրագործումն է»,–ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ մեր բոլորի պարտքն է պահպանել և ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի: «Նաև սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը»,–ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Գարեգին Բ–ի՝ Քոչարյանին ազատ արձակելու կոչին

Նա մաղթել է, որ Աստված միշտ ուժ պարգևի կաթողիկոսին՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար:

Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան) ծնվել է 1951 թ–ի օգոստոսի 21–ին Հայկական ԽՍՀ Վաղարշապատի շրջանի Ոսկեհատ գյուղում։ Հայ ազգային եկեղեցական գործիչ է, 1999 թվականի նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու132-րդ կաթողիկոսն է: