«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» Գեղամասարի բնակիչների բնապահպանական մեղադրանքներն անհիմն է համարում

Ընկերությունը համայնքին հորդորում է չխաղարկել բնապահպանական թեմաները անձնական կամ այլ նպատակներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 18-ին Գեղամասար համայնքի բնակիչների ակցիայի կապակցությամբ, որը անցկացվեց Սոթքի հանքի շահագործման հետ կապված, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հայտարարում է, որ համայնքի բնակիչների` ընկերության դեմ առաջադրած բնապահպանական մեղադրանքներն անհիմն են:

«Սոթքի հանքի շրջակայքում շրջակա միջավայրի վիճակը մշտապես վերահսկում են մասնագիտացած հաստատությունները։ Սոթքի հանքը շահագործվում է անվտանգության չափանիշներին և բնապահպանական նորմերին համապատասխան»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» համայնքին հորդորում է չխաղարկել բնապահպանական թեմաները անձնական կամ այլ նպատակներով:

Իրական իրավիճակը պարզաբանելու համար ընկերությունը մտադիր է հանրությանը ներկայացնել հետևյալ փաստարկներն ու փաստերը:

Պայթյուններն իրականացվում են բաց եղանակով, ինչը շատ վտանգավոր է. Դանիելյանը` հանքերի մասին

«Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ազդակիր համայնքներում (Գեղարքունիքի և Արարատի մարզերում), ՀՀ օրենսդրության շրջանակում, ամենամսյա կարգով պատվիրում է օդի, ջրի և հողի մշտադիտարկումներ որոնք իրականացվում են համապատասխան հավատարմագրված ընկերությունների կողմից։ Ամենամսյա մշտադիտարկումների բոլոր արդյունքները ուշադրության կենտրոնում են և հրապարակվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում»,– տեղեկացնում է ընկերությունը։

2019թ-ին Գեղամասար համայնքի Սոթք գյուղի բնակիչների պահանջով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը Սոթք գյուղի խմելու ջրի որակի ստուգման պայմանագիր է կնքել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Ավելին, ընթացիկ տարվանից ընկերությունը նախաձեռնում է լայնամասշտաբ մշտադիտարկումների իրականացում ազդակիր համայնքներում, որի ընթացքում մշտադիտարկման կետերը կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ ի դեմս տեղի բնակչության ներկայացուցիչների։

Ամուլսարը ռադիոակտի՞վ է․ պատասխանում են ոչ թե ակտիվիստները, այլ մասնագետները

Ընկերությունը նաև հայտարարում է, որ 2018-2019 թվականներից սկսած համագործակցում է արտոնագրված բժշկական հաստատությունների հետ՝ ազդակիր համայնքների բնակիչների համար անվճար բժշկական հետազոտություններ կատարելու համար։ Անցկացված հետազոտությունների արդյունքներով, բժշկական հաստատությունները ներկայացրել են եզրակացություններ այն մասին, որ հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ։

Ընկերությունը անհրաժեշտ է համարում նշել, որ կատարում է պետության հանդեպ ստանձնած բոլոր ներդրումային, հարկային և սոցիալական պարտավորությունները։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը չորրորդ հարկատուն է, իսկ Գեղամասար համայնքի տեղական բյուջե հարկերի տեսքով տարեկան վճարումները կազմում են մոտ 80 միլիոն դրամ:

Հիշեցնենք` Գեղամասարի բնակիչներն օգոստոսի 18-ին փակել էին Վարդենիս– Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Պատճառը Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջացած քիմիական տարրերով հարուստ փոշու ամպն է, որը հասել է շրջակա բնակավայրեր։

Չնայած Ամուլսարի ցույցերին, «Լիդիանը» Սյունիքում վերաբացում է իր քիմիական լաբորատորիան