Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար

Մեխակ Ապրեսյանը գիտի` ինչպես կարելի է օգնել զբոսաշրջության ոլորտին և այցելուների հոսք ապահովել մեր երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik.Հայաստանում զբոսաշրջային ոլորտի վերականգնման համար պետք է իրական բանկային արձակուրդներ տրամադրել տնտեսվարող սուբյեկտներին ու զբոսաշրջիկների ժամանման մեխանիզմներ մշակել, կարծում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Բանն այն է, որ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները համավարակից առաջ վարկեր են վերցրել և ներդրումներ կատարել բիզնեսում, սակայն այժմ չեն կարողանում մուծել ամսական վճարները։ Ըստ Ապրեսյանի` այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի կա՛մ բանկերը վճարումները հետաձգեն մինչև 2021 թվականի ապրիլը, կա՛մ կառավարությունը անտոկոս երկարաժամկետ վարկեր տրամադրի տնտեսվարող սուբյեկտներին՝ դարձյալ մինչև հաջորդ տարվա ապրիլ, կամ էլ սուբսիդավորի վարկերը:

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում

«Մենք չենք կարող կորցնել զբոսաշրջության ոլորտը, իսկ դրա համար ոլորտին պետք է աջակցել։ Կառավարությունն ընդառաջեց մեզ և 23-րդ ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրեց ոլորտի ներկայացուցիչներին, սակայն դա բավարար չէ», - Sputnik Արմենիային ասաց Ապրեսյանը։

Այս համատեքստում նա կարևոր է համարում կանոնավոր ավիաչվերթերի վերսկսումը, որոնցով հիմնականում ժամանում են արտասահմանցի զբոսաշրջիկները։ Նրա համոզմամբ՝ միայն չարտերային չվերթերը բավարար չեն դրա համար։ Բացի այդ, Ապրեսյանը կարծում է, որ պետք է վերանայել երկիր մուտք գործելիս պարտադիր կարանտինի կամ թեստավորման մասին կետը:

«Առավել նպատակահարմար կլինի զբոսաշրջիկներին պարտադրել թեստավորում անցնել սեփական երկրում և նոր ժամանել Հայաստան, քանի որ երբ մարդուն հայտնի չէ, թե ինչպես է անցնելու կարանտինը, ինչպես է ինքը բուժվելու վարակված լինելու դեպքում և մի շարք այլ հարցեր, ճամփորդելու նրա ցանկությունը կորչում է»,-ընդգծեց փորձագետը։

Ապրեսյանի խոսքով` եթե անգամ սեպտեմբերին Հայաստանը բացվի զբոսաշրջիկների համար, և սահմանափակումների հիմնական մասը վերջնականապես հանվի, միևնույնն է՝ զբոսաշրջության սեզոնն արդեն գրեթե փակ է։ Նա կարծում է, որ երկիր կարող է ժամանել անցյալ կամ նախանցյալ տարի ժամանած զբոսաշրջիկների միայն 10-20 տոկոսը։

Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում

Ավելի վաղ կառավարությունն ընդունել էր համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու 23-րդ ծրագիրը։ Հայաստանում գործող և առանց եկամուտների մնացած ոչ մեծ հյուրանոցները կարող են աջակցություն ստանալ պետությունից։

Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն

Ավելի մեծ աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պահպանել են աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 %-ը։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք 2019թ–ին կառավարության որոշմամբ ԱԱՀ վերադարձ են ունեցել ու չնայած դրան կրճատել են աշխատակազմի կեսից ավելին, կզրկվեն փոխհատուցումից։ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկով` այս աջակցության ծրագրից կօգտվեն 277 ընկերություններ, որոնցից 55–ը` կացության կազմակերպման ոլորտում աշխատող ընկերություններ են, 56–ը` հանրային սննդի, 79–ը` զբոսաշրջային գործակալություններ ու տուրօպերատորներ, 87–ը`առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկման ու կացության ապահովման ծառայություններ մատուցող կազմակերպություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտից արտակարգ դրություն է գործում, որը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 12-ը։