Հովիկ Սայադյանի փոխանցմամբ` իրենց գործունեության ընթացքում դժբախտաբար բախվել են իրավիճակների, երբ իրենք կազմել են կառավարման պլաններ Նոյեմբերյանի ու Իջևանի անտառտնտեսությունների համար, և մինչ նախագծերը գտնվում էին քննարկման փուլում, կատարել են կրկնակի այցեր նախանշված տարածքներ, որպեսզի ստուգեն աշխատանքների ընթացքը, սակայն ստիպված են եղել նախագծերում կատարել փոփոխություններ, որովհետև նշված տարածքներում արդեն կատարվել էին ապօրինի կամ չկարգավորված կրկնակի ծառահատումներ։
«Ապօրինի ծառահատումների առնչությամբ մեր ծրագրի շրջանակում գտել ենք հետաքրքիր լուծում։ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ օգնել ենք ձեռք բերել լաբորատոր սարքավորում` իր ծրագրային փաթեթով, ինչպես նաև երկու փորձագետի օգնել ենք վերապատրաստվել Գերմանիայում և Ռուսաստանում, ովքեր կտրված բնափայտի նմուշներով որոշում են, թե այդ փայտը որտեղ և երբ է կտրվել»,– նշում է բնապահպանը։
Հովիկ Սայադյանը վկայակոչում է այն իրողությունը, որ Երևանում կարելի է տեսնել փայտանյութով բեռնավորված բազմաթիվ մեքենաներ, ուստի ներկայումս արդեն հնարավոր է մեքենայի թափքում բեռնված փայտից վերցնել նմուշ, ինչից հետո ստուգումների ժամանակ լաբորատոր սարքի միջոցով կարելի է ճշգրտորեն որոշել, թե որտեղ է հատվել փայտանյութը և նույնիսկ տարվա որ եղանակին։
Ապօրինի ծառահատում Սյունիքում. օրինախախտները համայնքի ղեկավարն ու իր որդիներն են
Բնապահպանի կարծիքով` այդ մեթոդաբանությունը հետայսու կօգնի ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյին և այն դատավարություններին, որոնց ընթացքում քննվում են ապօրինի ծառահատումների խնդրին վերաբերող գործեր։ Արդեն երկրորդ տարին է, ինչ տրվել են բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ, որոնք հիմք են հանդիսացել նմանատիպ դատական գործընթացների համար։