Հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, նրա եղբորը և հորը դանակահարողին կալանավորել են

Գարիկ Հարությունյանը դեպքից մանրամասներ էր հայտնել` նշելով, որ հարևանն է իրենց դանակահարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կալանավորվել է հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, վերջինիս եղբորն ու հորը դանակահարող տղամարդը։

Խաշթառակի 28-ամյա բնակչուհին ևս ձերբակալվել է իր և եղբոր երեխաներին ծեծելու համար

«2020թ. օգոստոսի 9-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակում Երևանի 43-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել հեռուստալրագրողի, նրա հոր և եղբոր մարմնի տարբեր մասերին։ Այդպիսով՝ տղամարդը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ։

43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Գարիկ Հարությունյանի մասին է։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Ավելի վաղ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ դանակահարողը իրենց դիմացի հարևանն է։ Նա հայտնել էր, որ գիշերով հարևանը վիճել ու դանակահարել է հորը. 2 հարված թևին, 3 հարված որովայնին։ «Հայրս չի հասկացել, որ դանակահարված է։ Աղմուկից հետո տանից դուրս ենք եկել եղբայրս ու ես։ Նրա հետ բախումից հետո ինձ նույնպես թվացել է, որ կրծքավանդակիս ստացած հարվածը ձեռքով է եղել։ Բայց իրականում նույն դանակով խփել է նաև ինձ։ Հետո այդ մարդը հասցրել է դանակով հարվածել նաև եղբորս որովայնին»,–գրել էր Հարությունյանը։

Նա ասել էր, որ, ամեն դեպքում, ատելություն ու թշնամանք չեն զգում։