Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ անելու համար մեղադրանք է առաջադրվել իրանցի ամուսնուն. ՔԿ

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինը կնոջը սպանել է անձնական ու ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում հայտնաբերված 25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել նրա ամուսնու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը։ Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությամբ պարզվել է, որ անձնական և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 32-ամյա տղամարդը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջը խեղդելու եղանակով զրկել է կյանքից և դիմել փախուստի:

Երևանում խեղդամահ արված աղջկա ինքնությունը պարզվել է. որոնում են սպանության կասկածյալին

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` օգոստոսի 17-ին` ժամը 15:00-ի սահմանում, ոստիկանները Երևանի Նորք-Մարաշ համայնքում՝ Հովսեփյան փողոցում, երիտասարդ կնոջ դիակ էին հայտնաբերել։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Տեղեկություններ կան, որ Իրանի քաղաքացին հատել է հայ-իրանական սահմանը։