Լիբանանահայերին 2.5 տոննա բժշկական պարագաներ ու դեղամիջոցներ են տրամադրվել

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Հայաստան համահայկական հիմնադրամը» տեղեկացնում է, որ շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել «Լիբանանահայ օգնության խաչին»։

«Շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել Հայ օգնության միության, Code 3 Angels, Mephа և Pax Pharmacy կազմակերպությունների աջակցության շնորհիվ»,–գրված է հիմնադրամի Facebook–յան էջում։

Հիմնադրամը միաժամանակ շնորհակալություն է հայտնում գործընկեր ArmeniaFund-ին, որի աջակցությամբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով։

Նվիրաբերումները շարունակվում են, լիբանանահայ համայնքին օգնելու համար անհրաժեշտ է այցելել www.himnadram.org/hy կայք։

Նրանց օրվա հացը կախված է «Մայրիկից». լիբանանահայ Ալինը վերածնում է կյանքը

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 178 մարդ, ավելի քան 6000–ը` վնասվածքներ ստացել։ Մահացածների թվում նաև 13 հայ կա։

Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օգոստոսի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա արժանապատվորեն ընդունել Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող լիբանանահայերին։