Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի

Հայտնի է, թե «Ասիական զարգացման բանկի» կողմից Հայաստանին տրամադրվող գումարն ուր է ուղղվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ասիական զարգացման բանկը» կորոնավիրուսի դեմ պայքարի համար 2 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին։ Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ և «Ասիական զարգացման բանկի» միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։

Որքանով են վտանգավոր պետական պարտքի կուտակումները. կորոնավիրուսն ու կառավարության ծրագրերը

«Դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող միջոցներն առողջապահության նախարարությունը կուղղի կորոնավիրուսային վարակի շրջանակում համապատասխան բժշկական պարագաներ և սարքեր ձեռք բերելուն»,– ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով` գումարը կօգտագործվի կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար։ Մասնավորապես, ձեռք կբերվեն պաշտպանիչ անձնական սարքավորումներ, թեստավորման կոմպլեկտներ, ընդհանուր բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ միջոցներ։

Նախարարը հայտնեց, որ սա «Ասիական զարգացման բանկի» առաջին օգնությունը չէ, և մինչ օրս ստացել ենք շարժական թվային ռենտգենի երկու սարք, արյան անալիզատորներ և այլն։

Հիշեցնենք` առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 5.8 մլրդ դրամ գումար է ծախսել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42319–ի։

Սկսել են գնահատել միտքը․ ինչպես է կորոնավիրուսն ազդել գովազդի շուկայի վրա