Իրավիճակը կայունացել է, բայց դեպքերի կտրուկ անկման սպասել պետք չէ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարը հայտնեց, որ հաշվի առնելով ակտիվ կյանքի անցնելու հանգամանքը` կորոնավիրուսի կտրուկ անկման չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գնահատելով նախորդ երկու-երեք շաբաթների ընթացքում արձանագրված իրավիճակը` կարող ենք փաստել, որ կորոնավիրուսի տարածվածության առնչությամբ կա իրավիճակի կայունացում։ Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մահվան ևս 5 դեպք. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 55 տարեկան է

«Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը` դժվար է լինելու օրական 250-ից ցածր դեպքեր չունենալը»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` կտրուկ անկում չենք կարող ակնկալել։ Նախարարը հայտնեց, որ վերջերս զանգվածային թեստավորումներ են իրականացրել Վանաձորում, քանի որ այնտեղ կորոնավիրուսի աճման դեպքերը չէին դադարում։ Թորոսյանը հայտնեց, որ բժշկական կենտրոններում, «Հայփոստում» որևէ դեպք չի գրանցվել, իսկ ահա տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներում 200-ից թեստերից 50-ը դրական են եղել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ավելորդ ոգևորությամբ ենք ուրախանում կորոնավիրուսի նվազման դեպքերի առնչությամբ։ Ըստ նրա` եթե քաղաքացիները ճիշտ չարձագանքեն ստեղծված իրավիճակին, ապա նորից հուլիսյան իրավիճակը կլինի։

«Մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 263–ով և դարձել 42 319։