ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են օգոստոսի 17-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում հայտնաբերված սպանված աղջկա ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Սաթենիկ Հ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում։
Կայքի տեղեկություններով՝ նա արդեն հատել է հայ-իրանական սահմանը։
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին` ժամը 15:00-ի սահմանում, ոստիկանները Երևանի Նորք-Մարաշ համայնքում՝ Հովսեփյան փողոցում, երիտասարդ կնոջ դիակ էին հայտնաբերել։ Քննկական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։