ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է։ Տեղեկությունը հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿՊՀ) նախագահի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ալեքսեյը դեռ շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին։ Նա կոմայի մեջ է, ծանր վիճակում։ Անալիզների արդյունքներ դեռ չկան», - գրել է Յարմիշն իր Twitter-ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռը, որով հիմնադրամի ղեկավարը Տոմսկից թռչում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան տեղափոխել են № 1 շտապ բժշկական օգնության հիվանդանոց:
Առողջապահության նախարարության տարածաշրջանային կենտրոնից ՌԻԱ Նովոստիին ասել են, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր: Բուժման և ախտորոշման համար ներգրավված են տարբեր պրոֆիլների մասնագետներ։ ՆԳՆ ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ ոստիկանները հետաքննություն են սկսել։
ԿՊՀ -ում ենթադրում են, որ իրենց ղեկավարին թունավորել են` թեյին խառնելով ինչ-որ բան։ «Նա առավոտից միայն թեյ էր խմել։ Բժիշկներն ասում են, որ թույնն ավելի արագ է ներծծվում տաք հեղուկի միջոցով», — ասել է Յարմիշը։ Հիմնադրամի Տոմսկի ստորաբաժանման տվյալներով ՝ նախօրեին Նավալնին իրեն լավ էր զգում։
Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը հայտարարել է, որ վստահ չէ, որ սա թունավորում է, սակայն ամեն դեպքում այդ տարբերակը դիտարկվում է:
«Արմենիա» ռեստորանը Նավալնուց և մյուսներից դատարանով 241 հազար ռուբլի է վերցրել
ԿՊՀ -ն (Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը) Արդարադատության նախարարության կողմից ընդգրկվել է արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող ՀԿ-ների ռեեստրում: