ՌԱԴԻՈ

Պարեկային ծառայությունը կարո՞ղ է լուծել իր առջև դրված խնդիրները. Ղահրամանյանը մտահոգ է

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Պարեկային ծառայության գործունեության խնդիրներին։
Sputnik
Պարեկային ծառայությունը կարո՞ղ է լուծել իր առջև դրված խնդիրները. Ղահրամանյանը մտահոգ է

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի դիտարկմամբ` թեև նախապես որոշվել է ստեղծել մեծ ու առանձին կառույց, բայցևայնպես, պարեկային ծառայության աշխատակիցների թվաքանակն ավելի քիչ է, քան նախկինում էր, և, եթե այսօր Ոստիկանությունն իր առջև ծառացած որոշ խնդիրները չի կարողանում լուծել զուտ անձնակազմի թվաքանակի պատճառով, որը գնալով նվազում է, ապա ինչպե՞ս պետք է այդ խնդիրները լուծի Պարեկային ծառայությունը, եթե խոսք է գնում հատկապես հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մասին։

Ոչ մի պարեկություն. ինչու են ռուսական ուղղաթիռները հայտնվել հայ-թուրքական սահմանին

«Սա ամենալուրջ խնդիրն է։ Նրանք, ովքեր նախաձեռնել են գործընթացը և համոզված են, որ այս թվաքանակով ամեն ինչ լավ կստացվի, ես պարզապես նախանձում եմ նրանց վստահությանը։ Օրինակ Երևանում կան տարածքներ, որոնց ոստիկանների ձեռքը, պատկերավոր ասած, չի էլ հասնում, մինչդեռ նոր փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ Պարեկային ծառայության աշխատակիցները պետք է մշտապես ծառայություն իրականացնեն ամբողջ քաղաքում, ինչն անիրատեսական է։ Եվ սա չի վերաբերում միայն մայրաքաղաքին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ղահրամանյանը վկայակոչում է այն հանգամանքը, որ նախատեսված է պատրաստել 770 ծառայող, և այդ պարագայում խնդիրներ են առաջանում նաև տրանսպորտային միջոցների տեսանկյունից։ Հարցը քննարկվել է կառավարությունում, և այդ միջոցների քանակը նույնպես կլինի պակաս, քան կա ներկայումս։ Ըստ նրա` չնայած խնդիրները բազմաշերտ են, սակայն աներկբա է, որ ոստիկանությունը բարեփոխումների կարիք ունի։

«Ոստիկանի լրիվ նոր կերպար». ինչ փոփոխություններ են իրականացվում ոստիկանությունում

Ղահրամանյանի փոխանցմամբ` կարևոր են նաև ապագա աշխատակիցների կրթական ցենզը, անձնական ու մասնագիտական ունակությունները, ֆիզիկական ու մտավոր կարողությունները։ Խնդիր է դրվել լավագույնս ներկայանալ հանրությանը, բայց արդյո՞ք ապագա կադրերը հանրակրթական դպրոցում ստացել են այն գիտելիքը, որով կարող են մտնել նոր աշխարհ` անցնելով նոր ծառայության, էլ չենք խոսում աշխատավարձերի մասին, թեև դրանք, ըստ Ղահրամանյանի, մի փոքր բարձրացել են, սակայն հեռու են գայթակղիչ լինելուց։

Նշենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կսկսի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից: Արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը։