ՄԻՊ–ը հարցադրումներ է ուղարկել ԿԳՄՍՆ դպրոցներում աշակերտների դիմակ դնելու առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը հարցադրումներ է ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս պահանջների առնչությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ուսումնական տարին վերսկսելու 3 սցենար է քննարկվել. ԿԳՄՍՆ

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները, ինչպես նաև սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ մի շարք հարցադրումներ են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն:

Թաթոյանը նշել է, որ նախարարությանն ուղարկված հիմնական հարցադրումներից են՝

  • արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին.
  • ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների կողմից դիմակ կրելու պահանջի պահպանման նկատմամբ և ինչպե՞ս է դա իրականացվելու՝ ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Նույն հարցադրումն արվել է նաև համաճարակային մյուս կանոնների պահպանման առնչությամբ (ձեռքերի ախտահանում և այլն).
  • դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել.
  • դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ.
  • արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու.
  • ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը.
  • արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները: Այս առնչությամբ, Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դասերն անցկացվելու են 6-օրյա աշխատանքային ռեժիմով, ինչպես նաև առկա է օրվա ընթացքում որոշակի հաճախականությամբ դիմակները փոխելու անհրաժեշտություն: Հաշվի առնվելու՞ են, օրինակ, դիմակների տեսակները, որոնք երեխան կրում է.
  • արդյո՞ք նախատեսվելու են դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություններ՝ հիմք ընդունելով, օրինակ, երեխայի առողջական վիճակը և նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցը լուծվելու է ընդհանուր կարգավորումների ուժով, թե առկա են հատուկ կարգավորումներ նախատեսված երեխաների համար.
  • դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանման պայմաններում արդյո՞ք հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը, օրինակ, ներառական կրթություն ապահովող դպրոցներում: Օրինակ, այդպիսի հարց է առաջ գալիս՝ կապված լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնց հաղորդակցությունը տեղի է ունենում ժեստերի լեզվի, այդ թվում՝ առավել հաճախ հենց դիմախաղի միջոցով.
  •  ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները:

Թաթոյանի խոսքով`հարցադրումները ներառում են նաև համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպմանն առնչվող դիտարկումներ:

Բուհերը նույնպես վերաբացվում են. ովքե՞ր դասի կգնան սեպտեմբերի 1-ին

Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հայտնեց, որ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։

Նշենք նաև, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 12-ի երեկոյան որոշվեց հաջորդ օրվանից հետաձգել դասերը։ Ուսումնական կենտրոններն անցան հեռավար ուսուցման։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Օգոստոսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց դա կլինի վերջինը։