Տավուշում ծեծված 6-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Ծեծված երկու երեխաներից մեկի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզում պապի կողմից ծեծված 6-ամյա և 4-ամյա երեխաներից մեկի կյանքին վտանգ է սպառնում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Ավտոմեքենան հայտնաբերվել է, տղան` ոչ. Նոյեմբերյանի բնակիչը մեկ ամսից ավել է` կորել է

«6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար»,–գրել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարուցվել է քրեական գործ. երեխաներին փայտով հարվածած տղամարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։