ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի –Sputnik. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղի ելքը վճռվեց հանդիպման 94-րդ րոպեին, երբ Տյագոն բացեց հաշիվն ու ապահովեց «Օմոնիայի » հաղթանակը նվազագույն հաշվով՝ 1:0:
Ազգերի լիգան կարող է չեղարկվել. ինչ հետևանք կարող է ունենալ դա Հայաստանի հավաքականի համար
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիայի» - «Օմոնիայի» մրցավեճի առաջին խաղակեսը անցավ շատ լարված պայքարում: Խաղից առաջ մասնագետների մեծամասնությունը գտնում էր, որ հաղթողի հիմնական հավակնորդն այս խաղում «Օմոնիան» է: Բայց համենայնդեպս մինչև ընդմիջում չերևաց, թե ինչպես է հաղթանակի հասնելու Կիպրոսը ներկայացնող թիմը: Ճիշտ է` մեկ դրվագում «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Չուպիչը սխալվեց ու շանս տվեց մրցակցին, բայց հետևեց շեղ հարվածը:
«Արարատ-Արմենիան» իր հերթին մինչև ընդմիջում միայն մեկ անգամ կարող էր հաջողություն ակնկալել` Յոհան Գուֆրանի հարվածից հետո, բայց այս դեպքում էլ պաշտպանները կարողացան փակել գնդակի ճանապարհը: Այսպիսով 45 րոպեների ընթացքում կողմերը ցույց տվեցին, որ ավելի շուտ զգույշ են գործում, չնայած հայկական թիմի մեկնարկային կազմը հուշում էր, որ «Արարատ-Արմենիան» ավելի շատ է գրոհելու:
Երկրորդ կեսում «Օմոնիան» արագություններ սկսեց դրսևորել, ու եղավ դրվագ, երբ տարածքային առավելությանը լիովին տիրեցին հյուրերը: Բայց ինչ- որ փոփոխություն խաղի ընթացքի մեջ չզգացվեց: Տպավորություն էր, որ մրցակիցները սպասում էին մեկ մեկու սխալին, որ օգտվեն դրանից: Խաղի հիմնական ժամանակը մոտենում էր ավարտին, բայց գոլ խփելու հնարավորությունները թիմերի համար մոտ էին զրոյին: Եվ հաշիվն էլ համապատասխանում էր խաղին՝ 0:0: Ի վերջո, խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, ու նշանակվեց լրացուցիչ ժամանակ:
Խաղի այս հատվածում մերոնք սխալվեցին պաշտպանությունում: «Օմոնիայի» կազմում փոխարինման դուրս եկած էրիկ Բոտիակի փոխանցումից հետո Տհագոն մենակ մնաց մեր դարպասապահ Չուպիչի դեմ ու առաջ մղեց Կիպրոսի չեմպիոնին: Սա բավական չէր, մի քանի րոպե անց, երկրորդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտից հեռացվեց Դավիթ Հյումանեսը: Արդեն պարտվում էինք և՛ հաշվով, և՛ ֆուտբոլիստների քանակով: Բայց բաց թողած գոլից հետո «Արարատ-Արմենիան» զգալիորեն ակտիվացավ ու կարող էր հավասարեցնել հաշիվը: Սակայն Օգանայի հարվածը շեղեցին պաշտպանները:
Մնացած խաղաժամանակի ընթացքում տասը ֆուտբոլիստներով մնացած «Արարատ-Արմենիայի» ջանքերը արդյունք չբերեցին: Թույլ տված մեկ կոպիտ սխալը վճռորոշ դարձավ այս խաղում, ու հաջողությունը ուղեկցեց մրցակցին: Դժվարին ու ծանր պայքարում մեր չեմպիոնը պարտվեց, բայց հրաժեշտ չի տալիս եվրոգավաթներին: «Արարատ-Արմենիան» կշարունակի իր ելույթներն արդեն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում: