Գյուղերում միջավայրը ժամանակակից դարձնելու խնդիր կա. ի՞նչ տարբերակ է առաջարկում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրական է համարել գյուղական համայնքների փողոցների նորոգումը տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների կիրառմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելու խնդիր կա։ Ըստ վարչապետի մամուլի ծառայության` Փաշինյանն իր կարծիքը հայտնել է այսօր` գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. վերջին անգամ այն նորոգվել է 40 տարի առաջ

«Կան գյուղեր, որտեղ սովորական ասֆալտապատումը հարցի լուծում է, և բավական շատ համայնքներում այդպիսի լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում: Բայց կան համայնքներ, և կան դեպքեր, երբ սովորական ասֆալտապատման եղանակով հնարավոր չի լինի գյուղերում ճանապարհներ կառուցել կամ նորոգել, ստեղծել՝ ռելիեֆի, կլիմայական և այլ հանգամանքների բերումով»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք է քննարկվի, թե այլընտրանքային ինչ ձևեր կան, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը, ըստ վարչապետի, սալարկման հնարավոր տարբերակն է։

Քննարկվել է նաև գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների հարցը: Ներկայացված առաջարկների շարքում Փաշինյանը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: Քննարկվել են համայնքային և միջհամայնքային ճանապարհների կառուցման գործընթացի հնարավոր տարբերակները՝ նախագծումից մինչև իմպլեմենտացիա: Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:

Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև հաջորդ շաբաթվա ավարտը ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ:

Հիշեցնենք, որ Փաշինյանն օրերս շրջում է մարզերով` ծանոթանալով տեղում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Երեկ, օրինակ, նա Կոտայքի մարզում էր։

Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել