ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Նա թոշակի է անցել: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մանուկյանը ոչ միայն աշխատանքից է ազատվում, այլ նաև լքում է ԲՀԿ–ն։
«Ռուբեն Մանուկյանն անցել է թոշակի, և մեկ ամիս առաջ նա ինձ և պարոն Ծառուկյանին տեղեկացրել է, որ տարիքը չի ներում զբաղվել այդ աշխատանքով, քանի որ այն բավականաչափ ծանր է։ Մանուկյանը չի պատրաստվում լքել ԲՀԿ–ն»,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` հենց այս պահին էլ Մանուկյանը ԲՀԿ գրասենյակում է և հանձնում է իր պարտականությունները աշխատակազմի նոր ղեկավարին` Ռաֆայել Այվազյանին։
Զոհրաբյանն ասաց, որ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել ամեն օր գալ և օգնել Այվազյանին, քանի դեռ նա հունի մեջ չի ընկել։ Պատգամավորը վստահեցնում է` որևէ սկանդալ այստեղ փնտրել պետք չէ։
Հիշեցնենք՝ վերջերս Սերգեյ Բագրատյանն էր հայտնել ԲՀԿ–ն լքելու մասին, նա այժմ հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր։
ԲՀԿ-ն այդպես էլ չդարձավ զուտ քաղաքական ուժ. քաղաքագետը կանխատեսում է առճակատման ելքը