«Ազգային հարստության մսխում». ինչ է առաջարկում նոր նախարարը Սևանը փրկելու համար

Սևանի փրկության համար մի շարք քայլեր են արվում` ափամերձ շինություններն են գույքագրվում, այդ հողատարածքների փաստաթղթերն են ստուգվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Էկոհամակարգի այս խեղման արդյունքում, հիմնականում մարդածին գործոնների ազդեցության տակ Սևանա լիճը կորցնելու առաջ ենք կանգնած։ Առցանց ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Օգոստոսի 20-ին կմեկնարկի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են, որ հետագա տարիներին կդառնա Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել

«Սևանա լճի էկոհամակարգի հարցն ազգային խնդիր է, և օր առաջ լուծման կարիք ունի։ Իրավիճակն օրըստօրե վատանում է` պայմանավորված ափամերձ տարածքներում խառնափնթոր շինարարությամբ, կապտականաչավուն ջրիմուռների ավելացմամբ»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` Սևանի փրկության համար մի շարք քայլեր են արվում. ափամերձ շրջանների 1903.5 մետր բարձրությամբ գտնվող շինությունների գույքագրում է կատարվում, ինչպես նաև այդ հողատարածքների նկատմամբ տնտեսվարողների իրավաչափությունն ու դրանք օգտագործման ժամկետներն են ստուգվում։ Բացի այդ, տեխնիկա, այդ թվում` մոտորանավակներ ձեռք կբերվեն` հսկողությունն ուժեղացնելու համար։

Պետրոսյանը նշեց, որ իրենց տվյալներով` յուրաքանչյուր օր մի քանի հարյուր նավակներ մուտք են գործում Սևանա լիճ և ձուկ որսում։ Նա ասաց, որ հաճախ են մայթերին տեսնում, որ երեք սիգը 1000 դրամով վաճառում են։ Սա, ըստ նախարարի, ազգային հարստության անպատասխանատու մսխում է մեր սերնդի կողմից։

Սևանա լճի առափնյա հատվածի վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցվել են

Նախարարը նշեց, որ եթե մանրաձկերրի ապօրինի որս բացահայտեն, ապա այդ ձկները կառգրավվեն և կուղարկվեն մանկատներ, ծերանոցներ։

Ինչ վերաբերում է արդյունագործական ձկնորսությանը, ապա կլինեն հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Հիշեցնենք, որ սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել, որտեղից նավակները դուրս են գալու որսի, իսկ օրվա վերջում «Սևան ազգային պարկի» աշխատակիցները կշռելու են բռնած ձկնապաշարը։ Մինչև հոկտեմբերի 1 հնարավոր է որսալ մինչև 200 տոննա սիգ։