ՌԱԴԻՈ

Նախագահն ինքն է որոշում` ում հետ հանդիպի. Անտինյանը` Վանեցյանի չկայացած հանդիպման մասին

«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի արցախյան այցին և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ չկայացած հանդիպմանը։
Sputnik
Նախագահն ինքն է որոշում` ում հետ հանդիպի. Անտինյանը` Վանեցյանի չկայացած հանդիպման մասին

Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` թեև Արցախը ճանաչված երկիր չէ, բայց անկախ պետություն է, և նախագահ ընտրված Արայիկ Հարությունյան ինքն է որոշում ում հետ ինչ նպատակով հանդիպի։ Ըստ նրա` իհարկե ցանկալի կլինի, որ Արայիկ Հարությունյանը մի փոքր անկախ քաղաքականություն վարի և շատ սերտ կապով չկապվի ՀՀ իշխանության, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև դա հետագայում կարող է մանևրելու հնարավորությունը սահմանափակել։

«Շատ դեպքերում կարող են Արցախի հետ կապված Հայաստանի վրա ճնշում գործադրել, ինչի պարագայում մենք կօգտվենք նրանից, որ Արցախն ինքնուրույն պետություն է, ունի ընտրված իշխանություն, որը կարող է համաձայն չլինել։ Այս տեսանկյունից այնքան էլ ողջունելի չէ, որ Արայիկ Հարությունյանն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մերժումը պատճառաբանում է այն հանգամանքով, թե ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ իշխանության նկատմամբ»,– նշում է քաղաքագետը։

«Հորդորում եմ չանել անհեռատես հայտարարություններ». Բաբայանը` Արցախի նախագահի խոսնակին

Անտինյանի խոսքով` ՀՀ–ում կա ավելի քան 80 կուսակցություն, Վանեցյանի «Հայրենիքն» էլ նորաստեղծ կուսակցություն է, խորհրդարանական ուժ չէ, և Վանեցյանն ընդամենը առաջին քայլերն է անում, որքան էլ լինի հեղինակավոր անձ, հետևաբար 80 կուսակցություններից շատերը ֆորմալ առումով կարող են և չարժանանալ Արայիկ Հարությունյանի ընդունելությանը, ուղղակի վերջինս հստակեցրել է մերժման բուն պատճառը, որն ըստ Անտինյանի` այնքան էլ չի բխում ԱՀ նախագահի շահերից։

Քաղաքագետի կարծիքով` այս հարցի շուրջ չպետք է այդքան աղմուկ բարձրանար, ու եթե Արթուր Վանեցյանի թիմակիցների կողմից չլիներ արտահոսք առ այն, որ իրենց առաջնորդը Արցախի նախագահի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, ապա դժվար թե հանրությունը տեղեկանար այդ մասին կամ Արցախի նախագահի գրասենյակը տարածեր հաղորդագրություն, որ մերժել են հանդիպման խնդրանքը։

Ըստ Անտինյանի` եթե ԱՀ նախագահը չի ընդունում Վանեցյանին, նշանակում է, որ Արցախի հետ կապված «Հայրենիքի» ծրագրերը դառնում են դեստրուկտիվ կամ եթե ցույց են տալիս, որ Արայիկ Հարությունյանը հավատարիմ է Փաշինյանին, ապա ինչպե՞ս է կայանալու համագործակցությունն Արցախի իշխանության և Վանեցյանի քաղաքական ուժի միջև, հետևաբար այս համատեքստում ԱՀ նախագահի վարքագիծը քաղաքագետը դիտարկում է որպես հակաքայլ։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը երեկ Facebook-ի իր էջում գրել էր, որ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ, և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: