Ինչո՞վ են տարբերվում տավուշյան մարտերը ապրիլյանից. պարզաբանում է ՀՀ երրորդ նախագահը

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Տավուշում ՀՀ ԶՈՒ-ն հերթական անգամ իրեն դրսևորեց լավագույնս, սակայն տավուշյան և 2016 թ-ի ապրիլյան մարտերի միջև տարբերություն շատ մեծ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը չի կարելի համեմատել 2020թ-ի տավուշյան դեպքերի հետ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տարբերությունը շատ մեծ է: Մի բան են լայնածավալ մարտական գործողությունները, որոնք մղվում էին մի 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան ռազմական բախումը, որը տեղի է ունենում մի քանի մետր հատվածում»,- Նշեց Սարգսյանը:

Ինչո՞ւ 2016թ-ին չկրակեց «Իսկանդերը». Սարգսյանը մեկնաբանել է ամենաքննարկվող հարցերից մեկը

Այդուհանդերձ, Տավուշում ՀՀ ԶՈՒ-ն, Սերժ Սարգսյանի համոզմամբ, հերթական անգամ իրեն դրսևորեց լավագույնս, և որևէ մեկը չի կարող ասել, որ հայկական բանակը մարտունակ չէ:

Անդրադառնալով կորուստներին ու ձեռքբերումներին՝ Սարգսյանը շեշտեց, որ այդ գործընթացը երբևէ կանգ չի առել և 1994թ-ից հետո հայկական կողմն ունեցել է բազմաթիվ բարելավումներ, այդ թվում՝ Արարատի մարզի կողմից:

«Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև կարևորը մեզ համար եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա մեր դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքն ընդլայնելու»,- ընդգծեց նա:

Թե ինչ բարելավումների մասին է խոսքը, Սարգսյանն ասաց, որ իրավունք չունի տվյալներ հրապարակելու:

Հայաստանն Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունի. Սերժ Սարգսյանը` ամաչելու մասին

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի մասին հետախուզական տեղեկություններ ունենալու ու նախապես համապատասխան քայլեր չձեռնարկելու մասին մեղադրանքներին, Սարգսյանը հակադարձեց՝ դրանք հնչեցվել են անտեղյակ անձանց կողմից:

Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Սերժ Սարգսյան

«Ոչ, մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն, այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է: Այստեղ տարակուսելու ոչինչ չկա: Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն՝ արդեն ապրիլի 1-ին, օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն: Այ այսպիսին են եղել տեղեկությունները, և համապատասխան հատվածներում աշխատանքներ տարվել են»,- հավաստիացրեց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի` ապրիլի 16-ին կայացած նիստը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, տևեց շուրջ 5 ժամ։ Նիստին Սարգսյանը մասնակցում էր մեկ պայմանով` տեսաձայնագրությունը պետք է տրամադրեն իրեն։ Սարգսյանն էլ իր հերթին պարտավորվել է նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել մինչև 2050 թվականը։