ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի-Sputnik. Չնայած քննադատություններին՝ Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ օրենքն աշխատում է: Facebook սոցիալական ցանցի իր էջում նման տեսակետ է հայտնել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով ՝ լրատվամիջոցներից մեկը հոդված է հրապարակել է «դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն» վերտառությամբ։
«Այս հրապարակման հեղինակին հիշեցնեմ, որ սա այս օրենքի կիրառման առաջին դեպքը չէ։ Ընդամենը ամիսներ առաջ, ի դեպ, նույն օրաթերթը հրապարակել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձի մասին, որը, օրեր անց, հենց այս օրենքի կիրարկման արդյունքում, հիմնավոր կասկածը հաղթահարելու պայմաններում կալանավորվել էր»,- գրել է Բադասյանը։
Նրա խոսքով`այս օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, հերյուրանքներ էին։
Բադասյանը շեշտել է, որ այսօր, երբ գրանցվել է դեպք, որ դատարանը քրեական ենթամշակույթին հարելու ապացույցները հիմնավոր չի համարել խափանման միջոց կալանք կիրառելու համար, առանց հասկանալու, առանց գործի մանրամասների մեջ խորանալու՝ լրատվամիջոցը մեղադրանք է հնչեցնում, թե օրենքը չի աշխատում։
Բադասյանը լրատվամիջոցներին կոչ է արել բարեփոխումների դեմ պայքարող որոշ մարդկանց փսփսոցները լսելիս՝ ավելի ուշադիր լինել։
«Իմ կողմից բոլոր գործողություններն արվել են». Բադասյանը` հնչող քննադատությունների մասին
Արդարադատության նախարարի խոսքով`օրենքը բխում է միջազգային փորձից և որևէ խոչընդոտ այդ մակարդակում չկա։ Վստահ է՝ առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը փետրվարի 18-ին ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
ՀՀ քրեական օրենսգրքում ու Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը ԱԺ–ն սկսեց քննարկել 2019թ–ի նոյեմբերի 19-ին։ Քննարկումներն ընթացան բավական լարված ու փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում։
Իշխանությունների ձեռքի մտրակը․ «թեթև» վեթինգը կապահովի դատավորների հավատարմությունը
Կառավարությունն այն հաստատել էր դեռ օգոստոսի 29-ին։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ օրենքով քրեական պատասխանատվություն է նախատեսված քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Իսկ խմբավորման այն անդամը, որն իրավապահներին կհայտնի նման խմբավորման գոյության մասին՝ կազատվի պատժից կամ կարժանանա մեղմ պատժի։
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ինչ–ինչ հարցերով դիմողների համար։