ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․Հայաստանում վերջին անգամ երկարաձգված արտակարգ դրության շրջանակում ընդունված մեղմացումները չեն տարածվում ավիաընկերությունների գործունեության վրա։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ասացին, որ գործող սահմանափակումների պայմաններում հայկական և արտասահմանյան ավիաընկերությունները շարունակում են չարտերային չվերթեր իրականացնել ուղևորների կամ բեռների փոխադրման նպատակով:
Կոմիտեն լռո՞ւմ է
Պարետատան նոր որոշման համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրվում է օդային ճանապարհով։ Կոմիտեի տվյալներով՝ օդային ճանապարհով օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգավորվում է ՀՀ կառավարության 2020 օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1319-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով, ինչպես նաև ՀՀ պարետի ցուցումներով:
Այսպիսով, օտարերկրյա քաղաքացիները կարող են Հայաստան գալ միայն օդային ճանապարհով։ Ընդ որում՝ նրանք պետք է Երևան թռչելուց 72 ժամ առաջ հանձնած ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենան։ Հակառակ դեպքում օտարերկրյա քաղաքացին պետք է ժամանելուն պես 14-օրյա ինքնամեկուսացման ենթարկվի կամ էլ թեստ հանձնի արդեն Հայաստանում։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ավիաընկերություններին տրված թույլտվությունները մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության ռեժիմի:
«Այժմ կոմիտեի, ՀՀ կառավարության և պետական այլ շահագրգիռ գերատեսչությունների միջև տեղի են ունենում քննարկումներ՝ կապված առկա սահմանափակումների ժամկետի ավարտից հետո հնարավոր լուծումների (տարբերակների) շուրջ»,-ասված է Քաղավիացիայի պատասխանում։
Նշվում է, որ Հայաստանը կապի մեջ է տարբեր գործընկեր պետությունների հետ, ինչպես նաև հետևում է այդ երկրներում համաճարակով պայմանավորված իրավիճակին: Միաժամանակ հայկական և արտասահմանյան ավիաընկերությունները, չնայած սահմանափակումներին, պարբերաբար մեկանգամյա չարտերային չվերթերն են իրականացնում ուղևորափոխադրման և բեռների փոխադրման նպատակով։
«Ինչ վերաբերում է ուղևորահոսքի աճից կախված` «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքներում նախատեսված փոփոխություններին, ապա հայտնում ենք, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում խստորեն պահպանվում են հակահամաճարակային կանոնները և կախված ուղևորահոսքի աճից կիրականացվեն լրացուցիչ միջոցառումներ»,-ասվում է պատասխանում։
Ի՞նչ են ասում ավիաընկերությունները
Ամբողջ դեմքը փակող ամուր դիմակներ, հատուկ ակնոցով ծածկված աչքեր, արտահագուստ՝ ինչպես ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հենց այսպես և միմիայն այսպես է չվերթեր իրականացնում «Armenia» ավիաընկերության անձնակազմը։ Ավիաընկերության մարքեթինգի բաժնի մենեջեր Նելլի Կոստանդյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեղմացումները որևէ կերպ չեն ազդել իրենց ավիաընկերության աշխատանքի վրա։ Նրանց օդաչուներն ու բորտուղեկցորդուհիները շարունակում են աշխատել` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Ավելին՝ շփումները նվազագույնի հասցնելու նպատակով ավիաընկերությունը հրաժարվել է հյուրասիրությունից, և բորտուղեկցորդուհիները միայն ջուր են տալիս ուղևորին։
«Մինչև սեպտեմբերի 11-ը մենք չեն ծրագրում վերսկսել կանոնավոր չվերթերը մեր ուղղություններով։ Հետագա գործողությունների մասին կհայտնենք արդեն այն ժամանակ, երբ թույլտվություն կունենանք կոմիտեից և պարետատնից»,-ասաց Կոստանդյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ավիաընկերությունը հատուկ չարտերային թռիչքներ է իրականացնում դեպի Ռուսաստանի և Լիբանանի տարբեր քաղաքներ:
Միաժամանակ «Armenia Airways» ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան-Զառնային Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք արդեն ստացել են Իրանի ուղղությամբ կանոնավոր չվերթ իրականացնելու թույլտվություն։
«Թույլ տվեցին միայն մեկ կանոնավոր թռիչք՝ Երևան-Թեհրան ուղղությամբ, որը նախատեսված է օգոստոսի 25-ին»,-ասաց նա։
Առայժմ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, սակայն եթե անհրաժեշտություն լինի, ապա դրանց քանակը կավելանա։ Յուրաքանչյուր չվերթից առաջ ավիաընկերությունը պետք է թույլտվություն ստանա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Օգոստոսի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41846–ի: Ապաքինվել է 34982 մարդ, մահացել՝ 832–ը։
Նշենք, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ կգործի մինչև սեպտեմբերի 11-ը։