«Ծառայելու եմ մինչև վերջ»․ Հայկ Մարությանը հեռանալու մտադրություն չունի

Որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե իբր վարչապետը դժգոհ է Երևանի քաղաքապետից և նրան խնդրել է ազատման դիմում գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնից չի հրաժարվի։ Քաղաքապետն իր Facebook-ի էջում գրել է, որ պատրաստվում է մինչև վերջ ծառայել երևանցուն։

Վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Մարությանից և նրան խնդրել է ազատման դիմում գրել։

«Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ: Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքը», - նշել է Մարությանը։

Նա շեշտել է, որ երևանցիները պետք է վստահ լինեն, որ իրենցից ստացած քվեն նա պատիվ և պատասխանատվություն է համարում։

«Այ ախպեր, ո՞ւր ա գործ...». Փաշինյանը պատմել է Մարությանի հաղորդագրության մասին

«Շարունակելու ենք ծառայել մինչև վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների: Բոլորս միասին, քայլ առ քայլ լուծում ենք և շարունակելու ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Իսկ հակառակը հուսացողներին առաջարկում եմ իրենց անձնական ու խմբակային շահերը առաջ մղելու համար ուրիշ ոլորտներ ընտրել», - գրել է նա։

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2018-ի հոկտեմբերին՝ «թավշյա հեղափոխությունից» հետո կազմակերպված Երևանի ավագանու ընտրություններում ստանալով ընտրողների քվեների 81%-ը։

Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել