Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը

Վարչապետը ընդգծել է, որ ամեն համայնքում ծախսված ամեն լուման պետք է նոր բովանդակություն, նոր գույն, նոր մշակույթ բերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Վերականգնվում են հուլիսյան սահմանային գնդակոծություններից տուժած տները։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կից լուսանկարներ տեղադրելով։

Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը

«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաև հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,–գրել է նա։

Նշենք, որ օգոստոսի 6–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Ադրբեջանի կողմից օրեր շարունակ հրետակոծության ենթարկված Տավուշի մարզի բնակավայրերի վերականգնման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 302 մլն 618 հազար դրամ։

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները

Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ Facebook-ի իր պաշտոնական էջում օգոստոսի 2–ին գրել էր, որ ակտիվորեն ընթանում են սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները։ Միաժամանակ սկսվել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատումը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել