Կորոնավիրուսի պատճառով «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը կհետաձգվի

«Արարատում» կորոնավիրուսով են վարակվել և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզիչները, ընդհանուր առմամբ 18 վարակակիր կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է, «Լոռի» ՖԱ-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

145 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41 846

ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների` ՀՖՖ-ին ուղարկած գրությունները, ՀՖՖ Բժշկական կոմիտեի որոշումները և ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՖՖ ուղարկած գրությունը։

Ըստ այդմ` հետաձգվել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ»-«Արարատ» և Հայաստանի առաջնության Առաջին խմբի երրորդ տուրի «Արարատ-2»-ԲԿՄԱ հանդիպումները:

Հիմք ընդունելով «Լոռի ՖԱ»-ի գրավոր խնդրանքը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոխել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի՝ օգոստոսի 23-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» հանդիպման անցկացման օրը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ ժամը 17:00-ին:

Այս տեղափոխությունը հաշվի առնելով՝ փոփոխվել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի ևս 2 հանդիպումների անցկացման ժամկետները: «Վան»-«Փյունիկ» հանդիպումն օգոստոսի 28-ի փոխարեն կկայանա օգոստոսի 29-ին, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, բայց, 17:45-ի փոխարեն կմեկնարկի 19:00-ին:

Հիշեցնենք` «Արարատ» ֆուտբոլային ակումբում 18 հոգի վարակվել են կորոնավիրուսով, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում։