ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում այսպես է մեկնաբանել, թե ինչու Արցախի նախագահը չի հանդիպել Արցախում գտնվող «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ «Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»,–գրել է նա։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները մեկնաբանելով` Պողոսյանը նշել է, որ ՀՀ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներն իրենց քույրերն ու եղբայրներն են, ու նրանցից յուրաքանչյուրը հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին:
Խոսելով Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումների մասին`Պողոսյանը շեշտել է, որ բացարձակ անընդունելի են ՀՀ ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը:
«Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը և «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն, և երկու քաղաքական ուժերն էլ հայտարարել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու մասին: Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի ՀՀ ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտանգավոր հորձանուտի մեջ»,–գրել է նա:
Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի Հանրապետությունում գտնվող «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանի հետ։