ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Առանց անգլերենի և ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, քանի որ Հայաստանի համար ամենամեծ շուկան ԵԱՏՄ–ն է։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Կամարիս համայնքում, որտեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը։
ՀՀ վարչապետը ծանոթացավ ընկերության ընթացիկ ու զարգացման ծրագրերին: Փաշինյանի հետ զրույցում ջերմոցի ղեկավարները հայտնեցին, որ ընտրում են մասնագետների, 1 տարի վերապատրաստում, որ կարողանան աշխատել իրենց մոտ։ Հարցն այն է, որ մասնագետներն օտար լեզուներ չգիտեն, ինչը լուրջ խնդիր է։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ որևէ գործի մասնագետը բացառված է, որ վատ ապրի այս հողում։
«Ասում են` երեխան ինստիտուտ է ավարտել, բարձրագույն կրթության դիպլոմ ունի, բայց չունի աշխատանք։ Իսկ երբ հարցնում եմ` քանի՞ օտար լեզու գիտի ձեր երեխան, ասում են` ոչ մի։ Ունենալ բարձրագույն, բայց երկու օտար լեզու չիմանալ, նշանակում է` բուհ գնացած–եկած լինել։ Պատկերացրեք` մարդը ռուսերեն չգիտի և ուզում է մոշ աճեցնի, ոչ, նա չի կարող»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` առնվազն երեք օտար լեզվի պետք է տիրապետել։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր այցելել էր Կոտայքի մարզ։ Նա Գեղաշենում հետևեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
Նա այցելեց նաև Գեղաշեն համայնքում հիմքից կառուցվող մանկապարտեզի տարածք։
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը