Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ`պարգևատրումների վերաբերյալ գնահատականները կարող են տարբեր լինել և ցանկացած նմանատիպ գնահատականն ունի օբյեկտիվ հիմք, որովհետև այստեղ կա իրավաչափության խնդիր։ Ըստ նրա` կան կոռուպցիայի տարբեր սահմանումներ, բայց եթե իրականում պետական բյուջեից միջոցները ծախսվում են խնդրահարույց իրավական հիմնավորմամբ, ապա դա կարող է իսկապես ստանալ տարբեր որակումներ։
«Իրավական պետության մեջ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը լայն հայեցողությամբ և սեփական շահի դիրքերից չեն մեկնաբանվում։ Գործող օրենքով շատ հստակ է, որ պետական պաշտոնյաների պարգևատրումները պետք է տրվեն բացառապես որակյալ աշխատանքի և հատուկ առաջադրանքներ կատարելու համար։ Հիմա հարց է առաջանում. արյդո՞ք մենք մշտապես ականատես են լինում որակյալ աշխատանքի բոլոր ոլորտներում։ Պարգևատրումների հարցում սայլը ձիերից առաջ են դրել։ Նա ով պաշտոն է ստանում, հետն էլ պարգևատրում են տալիս, այսինքն` այս մեթոդը հակասում է աշխատանքի կառավարման տեսությանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցներից 122-ը պարգևավճարներ են ստացել
Ավետիսյանի փոխանցմամբ` եթե խախտվել է վարձատրության սկզբունքը, ինչը մեր երկրում գործող օրենքի պահանջ է, և իրավական կարգավորումների հակասող հիմքով տրամադրվում են պարգևատրումներ, ապա այստեղ իմաստ չկա խոսել պարգևատրման բուն գործառույթի մասին, որովհետև պարգևավճար սովորաբար տալիս են արդյունավետ կատարողականի և որակյալ աշխատանքի համար, այլ ոչ թե նախապես հայտնի` աշխատավարձի կրկնապատիկի չափով։
Ավետիսյանի համար զարմանալին այն է, որ բերվող «փաստարկների» պայմաններում մարդիկ այնքան «դուխով» են, որ շարունակում են արատավոր երևույթները, և եթե սա է լինելու կառավարության գործելաոճը, գոնե բարի լինեն համապատասխան օրենքներում փոփոխություններ անել և ի լուր աշխարհի հայտարարել, որ այդպես են հարմար գտնում։
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել էր, որ ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգևավճարների կարիքն ունեն։