ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահի նախկին թեկնածու և գործող նախագահի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում հայտարարել է, որ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով պատրաստ է ստանձնել ազգային առաջնորդի դերը։
Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»
Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում չեն դադարում զանգվածային ցույցերը. մարդիկ պահանջում են գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։
Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքը քաղաքական կարիերայի պատրանքներ չի ունեցել և չունի։
«Ես չէի ուզում քաղաքական գործիչ դառնալ, բայց ճակատագիրն այնպես տնօրինեց, որ հայտնվել եմ ամենաթողության և անարդարության դեմ մղվող դիմակայության առաջնագծում։ Ճակատագիր և մարդիկ, որոնք հավատում են ինձ, որոնք ինձ ուժ տվեցին, հիմա ես ամեն րոպե հիանում եմ ձեր խիզախությամբ, ձեր ինքնակազմակերպմամբ և թե որքան ուժեղ ու լուսավոր եք դուք», - ասել է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ գնահատում է իրենց ձայն տվածներին և գիտի` ինչու են նրանք դա արել: Տիխանովսկայան վստահ է, որ բոլորն ուզում են դուրս գալ այս անվերջանալի շրջանից, որում հայտնվել են 26 տարի առաջ:
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և այս ժամանակահատվածում որպես ազգային առաջնորդ հանդես գալ, որպեսզի երկիրը հանգստանա, նորմալ ռիթմի մեջ մտնի, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և հնարավորինս սեղմ ժամկետում օրենսդրական բազա ու պայմաններ նախապատրաստենք նախագահական նոր ընտրություններ կազմակերպելու համար»,– ասել է Տիխանովսկայան:
«Մենք պայմանավորվել ենք»․ Լուկաշենկոն ասել է` ինչի մասին է խոսել Պուտինի հետ
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն ՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:
Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են բարձրացրել։
«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ