ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Լուկաշենկոյի կամքին. Սարգսյանը` Բելառուսի մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին, ինչպես նաև Բելառուս–Ռուսաստան փոխհարաբերություններին։
Sputnik
Ի՞նչ կլինի, եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Լուկաշենկոյի կամքին. Սարգսյանը` Բելառուսի մասին

Արամ Սարգսյանի դիտարկմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկար ժամանակ փորձեց հարաբերությունները կարգավորել Արևմուտքի հետ, սակայն չհաջողվեց, որովհետև վերջին ընտրություններով այդ փորձերն ի չիք դարձան։ Ըստ նրա` Արևմուտքը գտավ, որ այլևս չի կարելի հանդուրժել խախտումները, ուստի նախատեսում է նույնիսկ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ։

Լուկաշենկոն գործարանի աշխատողների հետ հանդիպման է մեկնել ուղղաթիռով

«Ինքնին հասկանալի է, որ եթե ընտրություններն անցնեին ժողովրդավարական ճանապարհով, դժվար թե Լուկաշենկոն ստանար 80 տոկոս քվե, առավել ևս որ հիմա տեսնում ենք, թե ինչպես են շատ քաղաքներում աշխատանքային կոլեկտիվները գործադուլ իրականացնում, հետևաբար Լուկաշենկոն կանգնեց ընտրության առջև։ Կա ևս մեկ հանգամանք` եթե մարդը կառավարում է 26 տարի, նրանից կամա թե ակամա ժողովուրդը հոգնում է։ Մարդիկ մտածում են, որ դա միապետի կառավարում է, ինչը ժամանակակից աշխարհում ընդունված չէ»,– Sputnik Արմենիային ասաց ՀԴԿ նախագահը։

«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ

Սարգսյանի կարծիքով`երբ Լուկաշենկոն առերսվեց իրականության հետ, որոշեց կրկին վերադառնալ դեպի Ռուսաստան, որովհետև գիտի` Բելառուսը միշտ անհրաժեշտ է Ռուսաստանին, ինչն աշխարհաքաղաքական լուրջ գործոն է, առավել ևս, որ առկա է Ուկրաինայի փաստը և այն, որ Լեհաստանն ԱՄՆ–ի հետ զսպող քաղաքականություն է իրականացնում Ռուսաստանի դեմ։

«Եթե այդպես լինի, ապա Ռուսաստանը պահանջներ է դնելու Բելառուսի առջև, բայց մինչ այդ Լուկաշենկոն դեռ պետք է կարողանա դիմակայել երկրի ներսում առկա լուրջ հակազդեցությանը, պահպանել իր իշխանությունը, ինչը դեռ հարցականի տակ է։ Եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Բելառուսի նախագահի կամքին, ապա դժվար թե նա կարողանա հետայսու պաշտոնավարել»,– նշեց քաղաքական գործիչը։

«Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ». Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել բելառուսցիներին

Սարգսյանի համոզմամբ` աշխարհում լավ չեն պատկերացնում, թե Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն ինչ տրամադրություններ, բնավորություն կամ հնարավորություններ ունեն։ Ըստ նրա` տուժում են նրանք, ովքեր հեռանում են Ռուսաստանից, ընդ որում` այստեղ խնդիրը ենթարկվելը չէ, այլ այն, որ բարիդրացիական հարաբերություններում Ռուսաստանի և Բելառուսի շահերը նույնն են, քաղաքակրթական մակարդակով համատեղելի ժողովուրդներ են, հետևաբար այս հանգամանքը պետք է լավ ընկալեն նրանք, ովքեր ցանկանում են Բելառուսին հեռացնել Ռուսաստանից` փոխելով արտաքին քաղաքական վեկտորը, իսկ Ռուսաստանն իր հերթին չի հանդուրժի, որ Բելառուսին ամբողջովին տանեն դեպի Արևմուտք, առավել ևս որ նրա հետ ունի միութենական պայմանագիր։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն ՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են բարձրացրել։

«Մենք պայմանավորվել ենք»․ Լուկաշենկոն ասել է` ինչի մասին է խոսել Պուտինի հետ