Հայաստանում քաղցկեղով հիվանդները քիմիաթերապիա կստանան՝ առանց COVID -ով վարակվելու ռիսկի

Հիվանդները կկարողանան քիմիաթերապիա ստանալ ոչ թե փակ ցերեկային ստացիոնարում, այլ մաքուր օդին՝ հարազատներով շրջապատված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանում քաղցկեղով հիվանդները կկարողանան քիմիաթերապիա ստանալ մաքուր օդին՝ չենթարկվելով կորոնավիրուսով հիվանդանալու ռիսկին։ Տեղեկությունը  լրագրողներին հայտնել է Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բաժնի վարիչ Նաիրա Ջանոյանը։

Ինչպես կարող է մաթեմատիկան օգնել քաղցկեղի դեմ պայքարին. պատմում է հայ գիտնականը

Հիմա  հիվանդները քիմիաթերապիա են ստանում ոչ թե փակ տարածքներում, այլ հիվանդանոցի բակում կառուցված տաղավարում:

«Նման տաղավարները տարածված են եվրոպական կլինիկաներում, և մենք որոշեցինք վերցնել այդ փորձը։ Հիմա՝ կորոնավիրուսի ժամանակ, մեր նոր տաղավարը հատկապես օգտակար եղավ, քանի որ օգնեց բեռնաթափել ցերեկային ստացիոնարի բաժանմունքները»,-նշեց Ջանոյանը։

Բացի այդ՝ հիվանդանոցի շենքում պացիենտների մոտ նրանց հարազատները չեն կարող ներկա գտնվել։ Իսկ այստեղ նրանց թույլատրված է լինել հարազատի, ինչն, իհարկե, հոգեբանորեն շատ կօգնի հիվանդներին։

Ջանոյանի խոսքով` ընդհանուր առմամբ, ուռուցքաբանության կենտրոնում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, որոնցից մեկը կամ երկուսը՝ մահացու ելքով։ Բայց հիմնականում հիվանդներին հաջողվում է վարակը հաղթահարել տանը` նույնիսկ նման ծանր ուղեկցող հիվանդության պարագայում:

Քաղցկեղը հնարավոր կլինի՞ արագ ախտորոշել և բուժել. «Ռոսատոմը» նոր սարքավորում է մշակում

Աշնանը տաղավարը կպատեն ապակիներով, որպեսզի այն գործի ոչ միայն ամռանը, այլև մինչև հոկտեմբեր-նոյեմբեր։

Հիշեցնենք, որ Հայաստանում քիմիաթերապիայի մի շարք կուրսեր տրամադրվում են անվճար։ Իսկ այս տարվա մարտից կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների (HER2+) համար հիվանդները ստանում են Գերցեպտին թանկարժեք և արդյունավետ դեղամիջոցը: Նախատեսվում է այն տրամադրել տարեկան մոտ 14 բուժառուի։