«Արարատում» կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. ակումբը դիմել է ՀՖՖ–ին

Մարզումային գործընթացի կազմակերպումը դարձել է անհնարին։ «Արարատը» վերջին խաղի ժամանակ հայտացուցակում ունեցել է ընդամենը մեկ դարպասապահ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՌՆԹ/PCR թեստերի արդյունքները ցույց են տվել, որ «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստ ու մեկ մարզիչ վարակվել են կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ, 5-ը` «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցել է «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։

«Ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը»,– տեղեկացնում է ակումբը։

Հիշեցնենք` օգոստոսի 15-ին հայտնի էր դարձել, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։