Առաջին դիահերձարանը պատրաստ է. վտանգավոր վարակներից մահացածներին կհերձեն այլ վայրում

Կոտայքում գտնվող դիահերձարանի շենքն ունի երկու առանձին մուտք, երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված` Հայաստանում առաջին դիահերձարանը:

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով։ Դրանցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում` կորոնավիրուսից մահացածների դիահերձման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, իսկ ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և բարձրորակ ֆիլտրներով։

168 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41 663

Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով։ Այն ունի նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։

Նշենք, որ բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։ Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 824 մահվան դեպք է գրանցվել: