Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են

Հանցագործության հետքերը թաքցնելու համար երիտասարդներն այրել էին այն հագուստը, որով եղել էին ավազակային հարձակման պահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Իրավապահները բացահայտել են օգոստոսի 1-ին և 10-ին Ալավերդի քաղաքում կատարված ավազակային հարձակումները։ Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ի առավոտյան գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու անձ մտել են Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը։ Նրանք դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել բացել ոսկյա և արծաթյա զարդերի պահարանը։ Այդ ընթացքում նրանցից մեկը նաև հրազենով կրակել էր գետնին։ Սակայն չարագործներին այդպես էլ չի հաջողվել բացել պահարանի դուռը և նրանք ձեռնունայն հեռացել են։

Առանց դիմակի վարորդ, գերբեռնված տրանսպորտ. այս անգամ ովքե՞ր են կարգազանցները

Նմանօրինակ սցենարով ևս մեկ հարձակում տեղի էր ունեցել օրեր անց՝ օգոստոսի 10-ին։ Դարձյալ երկու հոգի, դիմակներով ու ձեռնոցներով, մտել էին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի խանութներից մեկը, փակել էին տիրոջ բերանն ու աչքերը, սպառնացել նրան, հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով մի քանի միլիոն դրամի վնաս։

«Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Ծանր հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի և տարածքային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ և քննչական գործողություններ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Մոսկվայում սպանված հայ մարզիկը կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու մեջ

Իրավապահները պարզել են, որ երկու դեպքում էլ գործել են նույն անձինք։ Նրանցից մեկը՝ Ալավերդիում բնակվող 22-ամյա երիտասարդը, բերման է ենթարկվել նախ որպես կասկածյալ և ձերբակալվել, ապա նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև կալանավորված երիտասարդի հանցակցի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Ալավերդիում բնակվող 21-ամյա երիտասարդը ևս ձերբակալված է։

Դաժան սպանություն Լոռիում. մարզպետարանի աշխատակցին սպանել ու դիակը հրկիզել է. մանրամասներ

Հայտնաբերվել և առգրավվել են ավազակային հարձակման ժամանակ կալանավորված երիտասարդի վերնազգեստը, նաև հագուստի մոխրացած մնացորդներ. հագուստը երիտասարդները այրել են՝ հետքերը թաքցնելու նպատակով։ Առգրավվել են նաև հանցագործության գործիք ատրճանակը, մեկփողանի հրացանն ու հափշտակված ոսկյա զարդերը։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։