ՀՀ-ում ռուսական հրթիռների դետալներ են պատրաստում․ բացառիկ գործարանը աջակցության կարիք ունի

Նոյեմբերյանում բարձրորակ հակազդիչ-փականներ են արտադրում, որոնք ձեռք է բերում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի էլեկտրոնային արդյունաբերությունը։ Տարիներ առաջ դրանք սկսեցին կիրառել հրթիռային համալիրների արդյունաբերության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի–Sputnik, Արամ Գարեգինյան․ Հրաշալի վայրեր ունեք։ Զբոսաշրջիկներ բերեք այստեղ, կերակրեք նրանց խոզի խորովածով, դեղձի կոմպոտ ու տնական օղի հյուրասիրեք։ Այդպես էլ ապրեք, իսկ արդյունաբերության մասին՝ մոռացեք։ Ո՛չ բանվորներ, ո՛չ ինժեներներ մի պատրաստեք։ Դա անպետք, հնաոճ և թունավոր մասնագիտություն է։

Թշնամու «ինովացիոն զենքի» և կրակոցների թիրախում․ ինչպես են ապրում Բարեկամավան գյուղում

Այսպիսի «հրաշալի» խորհուրդներ էին տալիս Հայաստանի իշխանություններին տասնյակ միջազգային խորհրդատուներ, որոնք գալիս էին, դիտում տեղի տեսարժան վայրերը, ստուգում իրենց «չեկերն» ու հեռանում։

«Դե, չգիտեմ։ Գուցե ինչ-որ մեկին պետք չէ, իսկ մենք, ահա, աշխատում ենք»,- մեզ հետ զրույցում ասում է Գագիկ Աբովյանը։ Նրա վարպետները նոյեմբերյանցիներ են՝ սովորական մարդիկ, որոնք կարող են դեղձ ու թուզ աճեցնել, իսկ տղամարդիկ նաև լավ խորոված են պատրաստում։ Բացի այդ՝ նրանք կարողանում են հսկայական հրթիռների համար փոքրիկ դետալներ արտադրել։

Նոյեմբերյանի «Արտամետե» գործարանից դրանք ուղարկում են ռուսական ռազմաարդյունաբերության պատվիրատուներին։ Գործարանն աշխատել է 80-ականների վերջից մինչև 90-ականների կեսերը, իսկ ավելի ուշ՝ 2010 թ․-ին, Աբովյանին հաջողվել է գտնել հին վարպետներին ու պատվիրատուներին և վերագործարկել գործարանը։ Սակայն հիմա, զուտ գործընթացային խնդիրների պատճառով, ձեռնարկությունը պատվերների հետ կապված խնդիրներ ունի, իսկ տարածքի վարձակալները պահանջում են հաստոցները դուրս հանել։ Աշխատանքը ժամանակավորապես ստիպված են եղել դադարեցնել, և աշխատակիցներն արդեն երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։

ՀՀ-ում ռուսական հրթիռների դետալներ են պատրաստում․ բացառիկ գործարանը աջակցության կարիք ունի

Սահմանամերձ քաղաքների ու գյուղերի զարգացման մասին շատ է խոսվում (և անկասկած, ինչ-ինչ բաներ անում են)։ Նոյեմբերյանում, որն Ադրբեջանի սահմանից բառացիորեն մի քանի կիլոմետր է հեռու, սեփական տներ կան, գլխավոր փողոցում՝ խանութներ, բանկեր և ռեստորան։ Քաղաքում գործում է պլաստիկե պատուհանների արտադրամաս և ոչ մեծ ալրաղաց։ Ժամանակին աշխատող խորհրդային ձեռնարկություններից ոչինչ չի մնացել։

«Եթե վերսկսեք աշխատանքը, ինչքա՞ն աշխատավարձ են ձեզ մոտ ստանում, ամսական մոտ 30 հազա՞ր»,- հարցնում ենք։

«Ի՜նչ երեսո՞ւն։ Մարդիկ կան, որ 200-250 հազար են վաստակում։ Բա, կարծում եք՝ ամեն մեկը կարո՞ղ է այսպիսի գործարանում աշխատել»,-պատասխանում է Աբովյանը։

Չորս տարի առաջ, երբ գործարանը դեռ աշխատում էր, ռուսաստանցի պատվիրատուներից նամակ եկավ․ «Շնորհավորում ենք, Ձեր «դրոսսելները» սկսել են օգտագործվել հրթիռների արտադրության համար»։

Աշխատող ոչ մեծ հաստոցներից մեկը նոյեմբերյանցի վարպետներն իրենք են նախագծել և հավաքել։

ՀՀ-ում ռուսական հրթիռների դետալներ են պատրաստում․ բացառիկ գործարանը աջակցության կարիք ունի

 

Փոքրիկ դետալներ՝ մեծ հրթիռների համար

«Մենք բարձր հաճախականության դրոսսելներ ենք թողարկում։ Ովքեր խորհրդային տարիներին ռադիոտեխնիկայի խմբակներ են գնացել, կհիշեն, թե դա ինչ է։ Դրանք պահպանում են էլեկտրական հոսանքի և ռադիոալիքների անհրաժեշտ հաճախականությունը»- պատմում է Աբովյանը։

Որոշ ժամանակ առաջ այդ սարքերը մատակարարում էին էլեկտրաէներգիայի ցերեկային և գիշերային ծախսը հաշվարկող էլեկտրական հաշվիչների արտադրությանը, և անգամ մանկական էլեկտրական խաղալիքների արտադրությանը։ Բայց հիմնականում դրանք պատրաստում են պաշտպանության ոլորտի համար։

«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

«Մեզ մոտ որակը տեղն է, գինն էլ բարձր չէ։ Այդ պատճառով էլ ռուս պատվիրատուներն աշխատում են ոչ միայն իրենց ձեռնարկությունների, այլ նաև մեզ հետ։ Սակայն կազմակերպչական հարցեր կան, որոնց լուծման հարցում ակնկալում ենք պետության աջակցությունը»,-ընդգծում է Աբովյանը և հավելում, որ առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք հայկական ձեռնարկությունները կարող են պաշտպանական արտադրանք մատակարարել:

ՀՀ-ում ռուսական հրթիռների դետալներ են պատրաստում․ բացառիկ գործարանը աջակցության կարիք ունի

Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին հայ-ռուսական միջպետական պայմանագրով (վավերացվել է 2014 թվականին) նման մատակարարումները թույլատրված են, սակայն գործնականում ընթացակարգային դժվարություններ են առաջացել։

«Խնդիրը միայն դրանում է, իսկ որակի հետ ամեն ինչ կարգին է։ Հակառակ դեպքում, եթե տաս թույլտվություն էլ ունենայինք, ոչ ոք մեզնից ոչինչ չէր վերցնի, այնինչ վերցնում են, միայն թե ստիպված ենք միջնորդների միջոցով աշխատել»,- պարզաբանում է Աբովյանը։

ՀՀ-ում ռուսական հրթիռների դետալներ են պատրաստում․ բացառիկ գործարանը աջակցության կարիք ունի

Փոքր՝ մի քանի հազար հատանոց խմբաքանակների պատվերները գործարանին «բաժին են ընկնում», երբ շտապ պատվեր է լինում, իսկ ռուսական գործարանները զբաղված են։ Եթե Ռուսաստան մատակարարման կազմակերպչական հարցրը լուծվի, հարյուր հազարավոր կտոր դետալների արտադրություն կսկսվի, իսկ ձեռնարկությունը ոչ թե 20-30, այլ հարյուրավոր աշխատակցի կարիք կունենա։

«Այս պահին մեզ մոտ աշխատող մասնագետները այնպիսի բաներ են կարողանում անել, որ ես չեմ կարողանում»,- ժպտալով խոստովանում է Աբովյանը։

Օրինակ՝ կոճը հավաքելու համար «դրոսսելի» միջուկը՝ բարակ մետաղական ձողիկը, պետք է դնել հաստոցի հատուկ անցքի մեջ, այնուհետև սեղմել լծակը, որպեսզի մետաղալարը փաթաթվի, և ճիշտ ժամանակին բաց թողնել այն։

«Երբ աշխատանքի էի ընդունում փաթաթող բանվորներին, նրանց ցույց էի տալիս, թե ինչպես պետք է դա անեն։ Ճիշտ է՝ ես էի սովորեցնում, բայց իմ դրած կոճի մետաղալարն ավելի շատ էր գնում, քան պետք է։ Կամ նույն տեղում էր փաթաթվում։ Իսկ նրանց մոտ՝ մեկ-երկու, և պատրաստ էր»,-ասում է Աբովյանը։

Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը

Գործողությունների վարպետություն է հարկավոր նաև արտադրության մյուս փուլերում․ միջուկների սոսնձում, կոճերի ներկում, քիմմաքրում և այլն։ Ընդամենը մեկ հազիվ երևացող դետալին 23 արտադրական գործողություն է բաժին ընկնում, որն անցնում է արտադրական վերահսկողության մի քանի փուլով։

Գործարանի աշխատակիցները մեծ մասամբ տարիքով մարդիկ են, բայց ներկող և փաթաթող աշխատակիցների մեջ 20-25 տարեկան երիտասարդներ էլ կան։ Սկզբում նրանք 60 հազարական դրամ էին ստանում, հիմա՝ 120-140 հազար։

Այնտեղ, որտեղ երիտասարդներ չկան

Նոյեմբերյանում երիտասարդներն այնքան էլ շատ չեն․ բոլորը մեկնում են Երևան կամ ՌԴ՝ գումար աշխատելու։ Իսկ Բարեկամավան գյուղում՝ Ադրբեջանի հետ սահմանին, երիտասարդներն ավելի քիչ են։ Այստեղ Աբովյանը գործարանի մասնաճյուղ էր հիմնել, որն աշխատեց վեց տարի (դրոսսելների արտադրություն)։

Բարեկամավանի մեծ մասը հաճախ է ենթարկվում ադրբեջանական գնդակոծության, հետևաբար այստեղ կարելի է գումար վաստակել միայն այգեգործությամբ կամ մեղվաբուծությամբ։ Որոշ գյուղացիներ տնամերձ հողմասերում փեթակներ են տեղադրել և դրանով են իրենց ապրուստը հոգում։

Մաքուր էներգիայի աղբյուր. Հայաստանում հին անվադողերից վառելիք են ստանում. լուսանկարներ

90-ականներին տեղի բնակիչներից մեկը կապ հաստատեց «Հրազդան մաշ» էլեկտրատեխնիկական գործարանի հետ, որն այն ժամանակ դեռ գործում էր (ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը)։ «Հրազդան մաշից» մասեր էին վերցնում ու պատրաստի դետալներ հավաքում։ Ավելի ուշ՝ Թելման Տեր-Պետրոսյանի մահից և Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, գործարանը մաս-մաս թալանեցին, իսկ Բարեկամավանի մասնաճյուղը կնքեց իր մահկանացուն։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Աբովյանը կապ հաստատեց տարածքի սեփականատերերի հետ, վերցրեց այն և մարդիկ հավաքեց։ Վեց տարի շարունակ այնտեղ յոթ մարդ էր աշխատում, որոնք ամսական 70-80 հազար դրամ էին ստանում։

«Պատկերացրեք, թե ինչ եկամուտ է դա սահմանամերձ գյուղի համար։ Մենք նախաթոշակային տարիքի մարդկանց էինք հավաքել, որոնք ուրիշ տեղ չէին կարող աշխատել։ Չնայած, պետք է ասել, որ երիտասարդներն այնտեղ առհասարակ քիչ են, և դա շատ վատ է»,-նշում է Աբովյանը։

Այդ աշխատատեղերը փակվեցին, քանի որ գործարանը չկարողացավ լուծել վերոնշյալ խնդիրները։ Իսկ այժմ նմանատիպ խնդիրներ Նոյեմբերյանի ձեռնարկությունում են առաջացել։

Իսկ գուցե ո՛չ գործարան կա, ո՛չ էլ հրթիռնե՞ր

Գործարանը սեփական տարածք չունի, վարձակալում է։ Ներկայումս շինության սեփականատերը մտադիր է վաճառել այն կամ հյուրանոց կառուցել (այն գտնվում է Նոյեմբերյանի գլխավոր փողոցում)։ Գործարանի աշխատակիցներին դուրս հանեցին։

Աբովյանը ձեռնարկության համար նոր տարածք է փնտրում, իսկ այն ձեռք բերելու համար գումար է անհրաժեշտ։ Պարտքի տակ չընկնելու համար Աբովյանը որոշել է ձեռնարկությունը տեղափոխել մոտակա Կողբ գյուղ՝ անտառատնտեսության լքված պահեստ։

Դեռևս 2016թ․-ին նա հայտ էր ներկայացրել «Արմլես» հանրապետական անտառատնտեսություն։ Հայտն ընդունել էին, բայց 2017թ․-ին մերժեցին, իսկ հաջորդիվ ուղարկված հայտերն անարձագանք մնացին։ Աբովյանը նախկին իշխանություններին էլ է գրել, նորերին էլ, առայժմ՝ անարդյունք։

«Ամենավատն այն է, որ որևէ մեկը չի արձագանքում, ես չեմ տեսնում պետության հետաքրքրվածությունը։ Կարող էին գոնե այցելել գործարան, նայել, թե ի՞նչ են այստեղ արտադրում, ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ, վերջապես։ Իսկ, գուցե ոչ մի գործարան և ոչ մի հրթիռ էլ չկա՞։ Թող գոնե ստուգեն, ճշտեն ռուս գործընկերներից, հետո որոշեն՝ մեր երկրում նման արտադրության կարիք կա՞, թե՞ ոչ։ Հուսով եմ, որ կա»,-համոզված է Աբովյանը։

Եթե իշխանությունները բարի կամք ցուցաբերեն, ամեն ինչ լավ կընթանա։ Աբովյանն ինքը աշխատելու հսկայական կամք ունի։ Նա լիահույս է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկ ամսում կկարողանան արտադրությունը վերականգնել։

Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում