Ճիշտ են անում, որ պարգևավճար են ստանում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` առաջին անգամ է պատմության մեջ նման բան կատարվում, որ նախարարն ու մարզպետը պարգևավճարի կարիք ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. ՀՀ նախարարներն ու կառավարության անդամները ճիշտ են անում, որ պարգևավճար են ստանում։ Նրանք պարգևավճար են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Facebook սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետը` անդրադառնալով պարգևավճարների թեմային։

Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին

«Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաև ժողովրդի պատիվն է, քանի որ կարևոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառային։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգևավճարների կարիքն ունեն»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` առաջին անգամ է պատմության մեջ նման բան կատարվում, որ նախարարն ու մարզպետը թալանով չեն զբաղվում և պարգևավճարի կարիք ունեն։

Նշենք, որ Փաշինյանն այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու տեղում կատարվող շինարարական աշխատանքներին։ Վարչապետն ասում է, որ երբ այսօր ծանոթանում էր կատարված աշխատանքներին, ինքն իրեն հարց էր տալիս` այսքանից հետո որևէ մեկը պետք է ասի` ինչո՞ւ են նախարարներն ու մարզպետները պարգևավճարներ ստանում։

Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցներից 122-ը պարգևավճարներ են ստացել

Հիշեցնենք, որ պարգևավճարների թեման պարբերաբար մեծ աղմուկ է բարձրացնում, ավելի ճիշտ` պարգևավճարների չափն է քննարկման և քննադատության առիթ դառնում։

Այսօր, օրինակ, հայտնի դարձավ` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնը լքելուց առաջ 1 800 000 դրամ պարգևավճար է տվել։

Օգոստոսի 13-ին Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Մեսչյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել օգոստոսի 4–ին։